Փետրվարի 23-ից մարտի 2-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացվել է գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը՝ 10 մետր օդամղիչ զենքից պատանիների (U-20) և մեծահասակների շրջանում: Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ներկայացրել է 16 հրաձիգ, որոնք նվաճել են 3 մեդալ՝ մեկ ոսկե անհատական հաշվարկում և երկու բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկում: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լրատվական ծառայությունից։
Հրաձգության անհատական մրցումներում ոսկե մեդալակիր է դարձել 17-ամյա Գոռ Խաչատրյանը: Խաչատրյանը 382 միավորով առաջին տեղը կիսել է ուկրաինացի Դենիս Բաբլյուկի հետ: Նման դեպքերում առաջին մրցանակին արժանանում է առավելագույնս շատ կենտրոնական 10 նշանակետը խոցած հրաձիգը, բայց մարզիկները 40 կրակոցում կրակել էին հավասար քանակով կենտրոնական 10: Լավագույնին որոշելու համար մարզիկները կատարել են լրացուցիչ 2 կրակոց. Գոռ Խաչատրյանը չի զիջել դիրքը և ոչ միայն դարձել է Եվրոպայի չեմպիոն, այլև լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի ցուցանիշը: Լիլիթ Մկրտչյան, Գոհար Հարությունյան, Արուսյակ Գրիգորյան եռյակը վազող թիրախ նորմալ վազք և խառը վազք վարժություններում արժանացել է բրոնզե մեդալների:
Ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավել է 8-րդ տեղը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







