1․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ խորհրդարանն ի վերջո սկսեց քննարկել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը հանրության մեջ տպավորվել է որպես վեթինգի նախագիծ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները պլանավորել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին զուգահեռ կյանքի կոչել նաև դատական համակարգի մաքրման աշխատանքները: Ընդ որում, իշխանությունը նպատակ ունի այն երկրորդ ընթերցման բերել շատ արագ՝ հաջորդ քառօրյայում, ու մինչև ապրիլ ամիսը վերջնական տեսքով ունենալ նախագիծը:
Առաջին անգամ այդ մասին խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի մայիսի 20-ին՝ ասելով, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: Եվ նրա հայտարարությունից անմիջապես հետո՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում էր կայացրել, սակայն այն այդպես էլ վերջնական տեսքի չէր բերվել, քանի որ իշխանությունները մտափոխվել էին՝ որոշելով, որ դատավորների հետ կապված խնդիրները կարելի է լուծել սահմանադրական բարեփոխումների միջոցով, ինչը կնպաստեր նաև դատական համակարգի առողջացմանը: Սակայն, ի վերջո, կրկին քննարկումներից հետո իմքայլականները եկել են այն եզրակացության, որ պետք է վերադառնալ առաջին ծրագրին, և պետք է լինի վեթինգ: Եվ ահա այժմ էլ իշխանությունները որոշել են արագացնել գործընթացը»:
2․«Ժողովուրդ» թերթը գրում է, որ մինչ ՀՀ իրավապահները սպասում են Ռուսաստանի պատասխանին՝ Ալրաղացի Լյովիկ մականունով նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Սարգսյանին ՀՀ-ին հանձնելու վերաբերյալ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա դեմ ցուցմունք տված անձինք իրավապահների հետ գործարքի արդյունքում հայտնվել են ազատության մեջ: ԱԱԾ-ն առաջինը հարցաքննել է գործով մեղադրյալ, կալանքի տակ գտնվող «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի հիմնադիր Արա Կարապետյանին, որը առավել հայտնի է Կոշիկի Արա անունով:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ալրաղացի Լյովիկի գործով 10 դատապարտյալները, ըստ էության, համագործակցել են ԱԱԾ-ի հետ, ինչի արդյունքում էլ ԱԱԾ-ն փոխադարձաբար նպաստել է նրանց պատժի կրման հարցում: Ալրաղացի Լյովիկի գործով դատապարտյալ «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանը դուրս է եկել կիսաբաց ռեժիմ. ամենայն հավանականությամբ, այդպես է նաև Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի պարագայում:
Մյուս մեղադրյալները պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել: «Ժողովուրդ» օրաթերթին նաև հայտնի դարձավ, որ այս գործով դատապարտյալ Հովհաննես Նազարյանը 2017 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մահացել է: Ստացվում է, որ այս գործով 10 դատապարտյալներից մեկը մահացել է, իսկ, ահա, 9-ը դատապարտյալ հայտնվել են ազատության մեջ»:
3․«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդամենը 15 օր ժամանակ ունի ՀՀ ոստիկանապետ և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներ առաջարկելու համար:
Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար նշանակեց Արման Սարգսյանին, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար՝ Էդուարդ Մարտիրոսյանին: Այսինքն՝ արդեն 5,5 ամիս է, ինչ այդ պաշտոնները ղեկավարում են պաշտոնակատարները, սակայն այս իրավիճակը կարող է վեց ամսից ոչ երկար տևել:
Մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը սահմանում է. «Ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով»:
Նույնը վերաբերում է նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքին, որտեղ էլ սույն դրույթն ամրագրված է 23-րդ հոդվածում: Ստացվում է՝ վարչապետին կողմնորոշվելու համար մնացել է 15 օր: Իսկ ի՞նչն է այս անորոշ իրավիճակի պատճառը: Չի բացառվում, որ վարչապետը չի կարողանում վստահելի անձնավորություններ գտնել ուժային կառույցներում, կամ այս ժամանակահատվածը որոշել է օգտագործել ուժայինների ղեկավարներին ստուգելու համար»:
4․«Փաստ» թերթն ուշագրավ տեղեկություններ է ստացել արցախյան ընտրությունների առումով: Մասնավորաբար, թերթի աղբյուրների փոխանցմամբ, Մոսկվան մերձկրեմլյան քաղտեխնոլոգների «դեսանտ» է ուղարկել, որն այս օրերին աշխատում է Վիտալի Բալասանյանի շտաբի հետ:
Միայն այս դրվագներով շատ հեռուն գնացող եզրակացություններ դժվար է անել, սակայն փաստերն ինքնին բավականին խոսուն են. ըստ էության, ստացվում է, որ Մոսկվան, մեղմ ասած, անտարբեր չէ արցախյան ընտրությունների առումով և հատուկ դրական վերաբերմունք ունի կոնկրետ Վիտալի Բալասանյանի թեկնածության նկատմամբ»:
5․«Հրապարակ» թերթը գրում է, որ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը «հարցաքննության» ծանուցագիր է ուղարկել ԶՈՒ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին։ Նիստի օրը դեռևս կոնկրետ որոշված չէ։
Ամենայն հավանականությամբ, ԱԺ հերթական նիստերը վերջացնելուց հետո հանձնաժողովը օր կնշանակի։ Հիշեցնենք, որ նախորդ նիստերից մեկին հրավիրված էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Քննարկվում է նաև Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին հրավիրելու հարցը:
6․«Փաստ» թերթը գրում է, որ ԱԺ-ում քննարկման է դրվել դատաիրավական փոփոխությունների նախագծերի փաթեթը։ Այս նախագծերով փոփոխություններ են սպասվում դատավորների կարգապահությանն ու բարեվարքությանը հետևող հանձնաժողովներում։
Հիմնական նորամուծությունն այն է, որ այդ հանձնաժողովներում, բացի դատարանների ներկայացուցիչներից, լինելու են նաև հասարակական սեկտորի կողմից նշանակված հեղինակավոր իրավաբան-գիտնականներ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցում, իշխանությունների հետ նախնական համաձայնություն ձեռք բերելով, առավել շահագրգիռ կերպով աշխատել են «Սորոսի» գրասենյակի ներկայացուցիչները, այդ գրասենյակից տարբեր դրամաշնորհներ ստացած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ նաև այն անձինք, որոնք ժամանակին այդ սեկտորն են ներկայացրել, իսկ հիմա գործող իշխանության կազմում են։
Հենց նրանք են որպես փորձագետներ արտասահմանից հրավիրել անցումային արդարադատության և վեթինգի մասնագետների, որպեսզի վերջիններս կարողանան հայ գործընկերներին մանրամասն ներկայացնել փոփոխությունների անցկացման նրբերանգները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






