ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր՝ մարտի 3-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ իրենց նախորդ հանդիպումից հետո մի շարք ուղղություններով Հայաստանը լուրջ բարեփոխումներ է իրականացրել, այդ գործընթացը շարունակվում է, մասնավորապես, այսօր Ազգային ժողովը քննարկում էր դատաիրավական բարեփոխումների մի հսկա փաթեթ, և այս բարեփոխումները կրկին էական քայլեր կդառնան կոռուպցիայի կանխարգելման և դատական համակարգի առողջացման ու անկախացման ուղղությամբ:
Քրիստոս Յակումոպուլոսը հետաքրքրվել է Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացներով և առաջիկայում սպասվող հանրաքվեով՝ նշելով, թե Եվրոպայի խորհրդում հասկանում են, որ սա շատ կարևոր է Հայաստանի ժողովրդի համար և ուրախ կլինեն աջակցել:
ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ չի կարող լինել լիակատար ժողովրդավարություն, եթե չլինեն իշխանության պրոֆեսիոնալ և անկախ փոխզսպման ճյուղեր, ինչպես նաև չի կարող դատական իշխանությունը լինել այս ժողովրդավարական համակարգի մաս ու զսպել մյուս ճյուղերին, եթե չլինի անկախ, անաչառ, օբյեկտիվ և պրոֆեսիոնալ, սակայն, ցավոք, նման Սահմանադրական դատարան Հայաստանում հիմա չկա, և հանրաքվեն ամենալավ ճանապարհն է՝ անելու այդ փոփոխությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






