Հայաստանի և Վրաստանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանն ու Գիորգի Գախարիան այսօր՝ հանդիպումից հետո, ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան նշել է, որ մեր տարածաշրջանում ժողովրդավարական զարգացումը խիստ կարևոր է ինչպես տնտեսության, այնպես էլ մշակութային զարգացման համար, նաև նշել, որ Եվրաատլանտյան դաշինքում ամրագրվելու որոշումը Վրաստանի քաղաքացիներինն է։
Գախարիան ընդգծել է, որ չնայած մեր երկու երկրների տարբեր արտաքին քաղաքական ուղղություններին, ժողովրդավարության որակը կնպաստի համագործակցության արդյունավետությանը տնտեսության մեջ, տարանցիկ ուղիների իրականացման, մշակույթի և այլ հարցերում:
ՀՀ վարչապպետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը մեր երկրի արտաքին քաղաքականության ամենակարևոր առաջնայնությունների շարքում է և դրա համար գոյություն ունեն բոլոր նախադրյալները:
«Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ այսօր երևան են եկել նոր գործոններ, որոնք անքակտելի են դարձնում մեր բարեկամությունը և է՛լ ավելի ամրապնդում համագործակցության ձգտումը: Դա նախ և առաջ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ապագա կառուցելու մեր երկու ժողովուրդների ընդհանուր տեսլականն է, որն այլևս անշրջելի է մեզանում և ձեռք է բերել հավատամքի ուժ:
Հիրավի, ժողովրդավարության հաղթանակն ու օրենքի գերակայության հաստատումը նոր հորիզոններ է բացել մեր երկու երկրների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու համար»,-նշել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծել է, որ հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






