ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Պալոնեն Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովին ուղղված իր զեկույցում ՝ Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի մասին, կոչ է անում ավելացնել Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը 2021 ֆինանսական տարում: Այդ մասին հայտնում են Ամերիկայի հայկական համագումարից:
Մասնավորապես, Պալոնեն ուշադրություն է հրավիրել Արցախում HALO Trust ականազերծման ծրագրի արդյունավետության վրա և դրա իրականացման համար պահանջել ևս 1,5 միլիոն դոլար:
Ինչ վերաբերում է Հայաստանում ժողովրդավարական կառավարման կատարելագործմանը, կոնգրեսականն ուշադրություն է հրավիրել քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերի վրա:
Նա ենթահանձնաժողովին խնդրել է 100 միլիոն դոլար հատկացնել տնտեսությունը զարգացնելու, կառավարման, օրենքի գերակայության ամրապնդման և անվտանգությանն աջակցություն ցուցաբերելու համար:
Բացի այդ, Պալոնեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական օգնության անհավասար բաշխման վերաբերյալ և առաջարկել է դադարեցնել օգնությունը Ադրբեջանին, քանի դեռ այս երկրի կառավարությունը չի հրաժարվի հարձակվել Հայաստանի և Արցախի վրա, և չի համաձայնի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ըստ աղբյուրի՝ վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանը 100 միլիոն դոլար է ստացել անմիջապես ԱՄՆ պաշտպանության նախարարությունից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






