Մարտի 2-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Դիրկ Վիզեյի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-գերմանական հարաբերություններն աչքի են ընկնում երկխոսության բարձր մակարդակով, որն արտահայտվում է ոչ միայն երկու երկրների ղեկավարների միջև կանոնավոր շփումներով, արտաքին քաղաքական գերատեսչությունների և օրենսդիր մարմինների ակտիվ փոխգործակցությամբ, այլև բազմաբովանդակ համագործակցությամբ առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտներում։
Զոհրաբ Մնացականյանը և Դիրկ Վիզեյը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգային հարցերի շուրջ՝ կարևորելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերակատարությունը ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության խթանման հարցում։ Արևելյան գործընկերության համատեքստում երկուստեք ընդգծվել է նաև քաղաքացիների շարժունակության և մարդկանց միջև շփումների բարելավմանն ուղղված քայլերի ձեռնարկումը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






