Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաքին գործերի նախարարությունում ներկա է գտնվել Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետը շնորհավորել է բոլոր դիվանագետներին մասնագիտական օրվա կապակցությամբ և նշել, որ այս օրն արձանագրված է՝ ի նշանավորումն Միացյալ ազգերի կազմակերպությունում Հայաստանի դրոշի բարձրացման արարողությամբ: «Իմ լրագրողական և քաղաքական գործունեության ընթացքում բազմաթիվ պատմությունների եմ առնչվել, լսել, թե ինչպես է զրոյից, ըստ էության ոչնչից, ստեղծվել Հայաստանի դիվանագիտական ծառայությունը, երբ բազմաթիվ մարդիկ, 180 աստիճան շրջադարձ կատարելով իրենց մասնագիտական գործունեության մեջ, իրենց կյանքի հետագա ծրագրերում, նվիրվել են Հայաստանի դիվանագիտական կորպուսի հիմնադրմանը:
Ես ուզում եմ ընդգծել այս գործում մեր բազմաթիվ սփյուռքահայ հայրենակիցների ներդրումը, որոնք միացել են այդ գործընթացին և բազմաթիվ հայաստանցիներ, ովքեր, ինչպես ասացի, գուցեև իրենց կյանքը պլանավորելիս երբեք չեն մտածել, որ պիտի անկախ պետության, անկախ հայրենիքի դիվանագիտական ծառայությունն իրականացնեն: Եվ ահա այսպես, քարը քարի վրա դրվելով, ի վերջո Հայաստանի դիվանագիտական համակարգը կայացել է և կայանում է որպես ինստիտուտ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա հատուկ է ցանկացած երկրի դիվանագիտությանը: Վարչապետի խոսքով՝ ժամանակն է, որ մենք մեր առաջ նոր խնդիրներ ձևակերպենք և ուղենշենք մեր հետագա անելիքները:
Կառավարության ղեկավարը նշել է, թե Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո ինչ օրակարգ է ինքն իր մեջ ձևակերպել պետական կառավարման և դիվանագիտական համակարգերի համար: «Կարծում եմ, որ մեր մեծագույն խնդիրը պետք է լինի փոքր երկրի ներկայացուցչի որոշակի բարդույթը հաղթահարելը, որովհետև ինչքան էլ բնական լինի ինչ-որ առումով, այդ բարդույթը, կարծում եմ, մեզ որոշ տեղերում շատ է խանգարում:
Բայց մյուս կողմից, առանձին վերցված դիվանագիտական համակարգը չի կարող այդ բարդույթը կամ այդ դժվարությունը հաղթահարել, որովհետև այդ դժվարությունը պետք է հաղթահարվի ամեն քաղաքացու մակարդակում, այդ դժվարությունը պետք է հաղթահարվի պետական ողջ ինստիտուստի ամեն սուբյեկտի, ամեն կառույցի մակարդակում, որովհետև կարծում եմ, որ արտաքին աշխարհում դիվանագիտությունն արտահայտում է այն հոգեբանությունը, որն արմատացած է երկրի ներսում, ուղղակի դիվանագիտական մակարդակում երբեմն գուցե դա ավելի տեսանելի է լինում»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է կենտրոնանալ այս խնդրի վրա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերությունների մեջ պետք է լինի հուսալի գործընկեր, և Հայաստանի Հանրապետության նկատմամբ հուսալի գործընկերության ձգտումը պետք է ամեն տարվա, ամեն ամսվա հետ ավելի բարձրանա, ավելանա այդ պահանջարկը: «Ընդհանուր առմամբ խնդիրը պարզ է. մենք պետք է այնպես անենք, և դա առաջին հերթին մեր դիվանագիտական ծառայության անելիքն է, որ Հայաստանի Հանրապետության բարեկամների շարքն աշխարհում շատանա՝ բարեկամ երկրների, կազմակերպությունների և ընդհանրապես շրջանակների, և սրա համար մենք պետք է լինենք հուսալի գործընկեր:
Հույս ունեմ՝ մեզ կհաջողվի այնպես անել, որ դիվանագիտական ծառայության գրավչությունն ավելի ու ավելի մեծանա, չնայած իմ տպավորությամբ այսօր դիվանագիտական ծառայությունը Հայաստանում ամենագրավիչներից է, ինչը, կարծում եմ, Արտաքին գործերի նախարարության և ընդհանրապես մեր դիվանագետների կատարած աշխատանքի ամենաօբյեկտիվ գնահատականն է: Ես երկրորդում եմ այդ գնահատականը և կրկին շնորհակալություն հայտնում մինչև այժմ Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին մատուցած բոլոր ծառայությունների համար»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Դիվանագետի օրվա կապակցությամբ Հանրապետության վարչապետի միջնորդությամբ և նախագահի հրամանագրերով շնորհվել են դիվանագիտական աստիճաններ: Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանին, Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության խորհրդական Յուրի Բաբախանյանին, ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանին, Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանին: Երկարամյա արդյունավետ և բարեխիղճ գործունեության համար «Երախտագիտության» մեդալով պարգևատրվել է ԱԳՆ Ֆինանսաբյուջետային վարչության պետ Արմենուհի Գալստյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






