ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել թուրքական իշխանություններին պարզաբանել Անկարայում Sputnik լրատվական գործակալության թուրքական բյուրոյի երեք լրագրողների ձերբակալության հետ կապված իրավիճակը և ապահովել ռուսական լրատվամիջոցների աշխատակիցների անվտանգությունը: Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած մեկնաբանության մեջ։
«Թուրքական իշխանություններին կոչ ենք անում միջամտել իրավիճակին, ապահովել ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների անվտանգությունը և աջակցել կատարվածի բոլոր հանգամանքները պարզաբանելու գործում», — ասված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ գործակալության աշխատակիցների վրա հարձակումն ու ձերբակալումը նրանց իրավունքների կոպիտ խախտում է:
Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է նաև, որ ձերբակալվել է գործակալության ևս մեկ աշխատակից։
Նշենք, որ շաբաթ ուշ երեկոյան Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ անհայտ անձինք ներխուժել են Անկարայում Sputnik թուրքական խմբագրության երեք աշխատակիցների բնակարաններ՝ սպառնալով և մեղադրելով հայրենիքի դավաճանության մեջ ռուսական լրատվամիջոցներում նրանց աշխատանքի կապակցությամբ:
Հարձակման պատճառը երեկ հրապարակված հոդված է, որում նշվում է, որ Թուրքիան գողացել է Սիրիայից իր պատմական Ալեքսանդրեթի նահանգը՝ ներկայիս Հաթայը (այնտեղ է գտնվում Մուսա լեռը)։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







