1.«Փաստ» թերթը գրում է. «Թերթը պարբերաբար տեղեկություններ է ստանում, որ իշխանության ներսում զորակոչային խնդիրների հետ կապված ակտիվ քննարկումներ են ընթանում: Մասնավորաբար, ըստ մեր տեղեկությունների, առաջարկներից մեկը վերաբերում է զորակոչային տարիքի շեմը բարձրացնելուն: Ըստ մեր աղբյուրների, խոսքն այն մասին է, որ զորակոչային տարիքը 18-ից 27 տարեկանի փոխարեն դառնա 20-ից (նույնիսկ 21-ից) 30 տարեկան: Այսինքն, բանակ զորակոչել ոչ թե 18 տարեկանում, այլ 20 կամ 21, իսկ զորակոչային տարիքից դուրս գալու վերին շեմը 27-ից բարձրացնել 30-ի: Այս տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին՝ խնդրելով պատասխանել, թե արդյո՞ք այս թեմայով քննարկումներ եղել են, ու արդյո՞ք հիմա իսկապես ակտիվացել են այդ քննարկումները: «Ընդհանրապես նման քննարկումներ հաճախ են լինում, բայց եթե ասեմ՝ հատուկ դրա համար ինչ-որ օրակարգ է մշակվել, որ այդ հարցը քննարկվի, ո՛չ, չի եղել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը»:
2.«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վարազդատ Կարապետյանն առաջարկում են փոփոխություն կատարել «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում: Մասնավորապես՝ նրանք առաջարկում են արգելել սպառողական վարկերի գովազդը էլեկտրոնային լրատվամիջոցներում՝ բացառությամբ տվյալ կազմակերպության կայքէջի միջոցով և կազմակերպության սրահում: Հեղինակներն օրենսդրորեն ցանկանում են վարկային կազմակերպություններին ստիպել, որ նրանք նշեն վարկի իրական տոկոսադրույքը: Գաղտնիք չէ, որ այսօր հասարակության մի զգալի զանգված, հիմնականում սոցիալապես անապահով, հայտնվել է վարկային կազմակերպություններից ֆինանսական կախվածության մեջ, և դա նաև Կենտրոնական բանկի ոչ պատշաճ և հաճախ հանցավոր թողտվության պայմաններում»։
3.«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2017 թվականին Հայաստանում ինքնասպանության և ինքնասպանության փորձերի դեպքերը կազմել են 562, 2018 թվականին՝ 606, իսկ 2019 թվականին դրանց թիվը 613 է եղել: Ըստ որոշ մասնագետների՝ մարդիկ իրենց կյանքին վերջ են դնում սոցիալական վատ պայմանների, վախերի, կրոնական գաղափարախոսության պատճառով: Հայաստանում ինքնասպանություններ գրանցվում են նաև քրեակատարողական հիմնարկներում և Զինված ուժերում: Միայն Զինված ուժերում ընթացիկ տարում ունեցել ենք 13 մահվան դեպք, որից 4-ը եղել է ինքնասպանություն»:
4.«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը տեղամասային ընտրական 7 հոգանոց հանձնաժողովում ինչպես «Այո»-ի, այնպես էլ «Ոչ»-ի կողմը 2-ական անդամ նշանակելու իրավունք ունի։ Յուրաքանչյուր կողմից պետք է 4016 անդամ ներկայացված լինի, իսկ ցուցակները ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 1-ն է։ Եվ այս առումով «Ոչ»-ի կողմնակիցները հայտնվել են ծանր դրության առջև. նրանք անգամ դիմել էին նախկին իշխանական Հանրապետականին ու «Դաշնակցությանը», նաև խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանին» ու «Բարգավաճ Հայաստանին»՝ «Ոչ»-ի քարոզչական կողմից հանձնաժողովներում ընդգրկվելու խնդրանքով։ Այս օրերին «Ոչ»-ի կողմնակիցներն ամեն ինչ անում են, որպեսզի բոլոր տեղամասերում ներկայացուցիչներ ունենան։ Եվ, ահա, բացի ԲՀԿ-ից, մյուսներն, ըստ էության, դեմ չեն, որպեսզի իրենց լիազորված անդամները «Ոչ»-ի կողմից ներկայացված լինեն տեղամասային հանձնաժողովներում։ Թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ՀՅԴ-ն և թե՛ «Լուսավոր Հայաստանը» խնդիր չեն տեսնում, որ իրենց լիցենզավորված անդամները «Ոչ»-ի կողմից ներկայացված լինեն տեղամասային հանձնաժողովներում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







