1․«Իրավունք» թերթը գրում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաք երեկոյի ժամանակ հավաքվել է 205 միլիոն դրամ (ավելի քան 410 հազար դոլար)։ Թերթի տեղեկություններով մոտ 20.հազար ամերիկյան դոլար փոխանցել է գործարար,նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը իշխանափոխությունից հետո կարծես Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանում ամենասիրելի գործարարն է։
2․«Իրավունք» թերթի տեղեկությունների համաձայն՝ որոշակի լարվածություն կա ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի «Այո»-ի շտաբում:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ չի եղել անձամբ հարցերը վարելու, դերաբաշխումներ կատարելու գործին, շտաբում շունը տիրոջը չի ճանաչում:
Ոմանք ինքնագործունեությամբ են զբաղված, ոմանց դուր չի գալիս, որ այսպես ասած, հրամաններ են արձակում մարդիկ, որոնք ոչ մի առավելություն չունեն:
Մոտիվացիա չկա, հատկապես շարքային իմքայլականների մոտ, որոնք ոչ պաշտոն են ստացել, ոչ էլ պարգևավճար, այս անգամ՝ ոչ էլ «դուխով» գլխարկ:
3․«Հրապարակ» թերթը գրում է,որ Կառավարության կազմի օպտիմալացման ծրագիրը, ինչպես հայտնի է, ընթացքի մեջ է։ Սակայն, կառավարության աղբյուրների փոխանցմամբ, հանրաքվեով պայմանավորված՝ կրճատումներն առժամանակ դադարեցվում են։ Ավելին՝ անգամ հակառակ գործընթացն է նկատվում։
Կառավարության կայքից տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի փետրվարի 26-ի որոշման մասին․ «2018 թ․ հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» որոշման հավելվածում «300» թիվը փոխարինել «302» թվով»։ Խոսքն արդարադատության նախարարության մասին է։
4․«Հրապարակ» թերթը գրում է, որ կառավարությունն ԱԺ է ուղարկել Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որտեղ ամրագրված է նաև հետևյալ դրույթը․ սեռով, ռասայով, քաղաքական հայացքներով պայմանավորված՝ էթնիկական կամ սոցիալական խմբի դեմ հնչող հրապարակային կոչերը, բռնությունն արդարացնելը կամ քարոզելը պատժվում են ազատազրկմամբ` 1 տարի ժամկետով։
Քաղաքական հայացքների մասին շատ է գրվել, թերթի աղբյուրն ասում է․ «Ուշադրություն դարձրեք «սոցիալական» խումբ եզրույթին, դրա տակ կարող են տարբեր, այդ թվում և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ, տրանսգենդերներ լինել։ Օրինագիծն ընդունելու դեպքում, դիցուք, ասենք, պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որը երբեմն այդ «առնչությամբ» հայտարարություններով է հանդես գալիս, կարող է դատապարտվել 1 տարով»:
Նախագիծը երեկ հավանության է արժանացել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի կողմից։ Բանն այն է, որ «այդ պահանջը ԵՄ ճանապարհային քարտեզի բաղկացուցիչներից է, ԵՄ առաջարկած պայմաններից մեկն է»: ԱԺ օրակարգ է մտնելու ոչ միայն այս, այլև ապօրինի ծագում ունեցող գույքին վերաբերող վիճահարույց նախագիծը, որը ներկայացրել է Ռուստամ Բադասյանը:
5․«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ առաջիկա քառօրյային քննարկման են դրվելու, այսպես կոչված, վեթինգի մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթն ու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագիծը։
Խորհրդարանի թերթի աղբյուրները փոխանցել են, որ իշխանությունները այս նախագծերի մեջ բավականին «նրբորեն» փաթեթավորել եւ ներդրել են ևս մի ռիսկային նախագիծ, որը փաստացի գալու է փոխարինելու բավականին լայն արձագանք ստացած «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին, որն ընդունվել էր ԱԺ-ի կողմից եւ ուղարկվել նախագահի ստորագրմանը։
Ի դեպ նախագահ Արմեն Սարգսյանը այս նախագիծը չէր ստորագրել և ուղարկել էր ՍԴ՝ սահմանադրականության հարցը ուսումնասիրելու։ Նշյալ նախագիծը շրջանառության մեջ դնելուց ի վեր բավական սուր քննադատությունների ու մեկնաբանությունների առիթ էր հանդիսացել մասնագիտական շրջանակների կողմից, քանի որ իր մեջ բավականին լուրջ ու խորքային ռիսկեր է պարունակում։
Հիմա փորձ է արվում ունենալ պահեստային տարբերակ՝ ՍԴ-ի կողմից նշյալ օրենքը հակասահմանադրական ճանաչելու դեպքում «ձեռքի տակ ունենալու» համար: Մեր տեղեկություններով, այս օրերին նշյալ թեմայով բավականին թեժ քննարկումներ են ընթանում ԱԺ սենյակներում:
6․«Իրատես» թերթը գրում է, թե արցախյան ընտրություններում հաջողության հասնելու շանսը շարունակում է պահպանել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որի ներկայացրած քաղաքական ուժը խորհրդարանում ևս մեծ թվով մանդատներ կարող է ունենալ:
Լուրջ շանսեր ունի Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, մասամբ էլ` Աշոտ Ղուլյանը, որոնք հատկապես վերջին տասնօրյակում կտրուկ ակտիվացել են, իսկ Վիտալի Բալասանյանն սկսել է խիստ կառուցողական, գրագետ քարոզարշավ վարել: Մասիս Մայիլյանը փորձում է «խաղն» իր ձեռքը վերցնել, դառնալ Փաշինյանի սրտի թեկնածուն: Ասում են, սակայն, որ նրա ու Սամվել Բաբայանի ոչ միանշանակ համագործակցությունը վնասել է երկուսին էլ՝ մեխանիկական միակցման այդ տանդեմը բացարձակապես չի արժանացել արցախցիների հավանությանը` ոչ միայն Մասիսի ֆլեգմատիկ, այլև Կամանդույուշչիի արկածախնդիր, վերջին շրջանում էլ ցանկացած ձեռնարկ տապալելու պատճառով:
7․«Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ օրաթերթը մի ուշագրավ որոշում է ստացել ՀՀ գլխավոր դատախազությունից: Բանն այն է, որ անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է Վճռաբեկ դատարան և միջնորդել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ հունվարի 23-ի՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրին վերաբերող որոշումը:
Խոսքն այն որոշման մասին է, որով բեկանվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 18-ի որոշումը, որով վերծանվել էին «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսազանգերը: Ինչպես հայտնի է, տևական ժամանակ Հատուկ քննչական ծառայությունը լծված է «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների գաղտնազերծման աշխատանքին, հատկապես՝ «Մարտի 1»-ի գործով որոշ նախկին և ներկա պաշտոնյաների նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո:
ՀՔԾ-ն անգամ վերծանել էր Քնար Մանուկյանի հեռախոսային զանգերը, որպեսզի պարզի՝ ով է զանգահարել լրագրողին կամ հակառակը,և նրանցից ով է տվել «Մարտի 1»-ի գործով ցուցմունքները լրագրողին. Քնար Մանուկյանն անմիջապես այդ գործողությունները բողոքարկել է Վերաքննիչ դատարանում: Եվ հունվարի 23-ին Վերաքննիչ դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, բավարարել է Քնար Մանուկյանի բողոքը՝ հայտարարելով, որ ՀՔԾ-ի գործողություններն ապօրինի են եղել:
Վերաքննիչ դատարանի որոշումից մեկ ամիս անց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել է բողոքարկել այն՝ Վճռաբեկ դատարանին միջնորդելով բեկանել լրագրողի օգտին կայացված վճիռը։ Այս միջնորդությունն ուշագրավ է այնքանով, որ այն արվել է անձամբ գլխավոր դատախազի կողմից. սովորաբար դա անում են նրա տեղակալները։ «ժողովուրդ» օրաթերթի հարցով, սակայն, դատախազն անձամբ է որոշել զբաղվել։
Ուսումնասիրելով իրավիճակը՝ թերթը արձանագրում է, որ անձամբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից նման միջնորդություններ եղել են՝ կապված «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու և Մուշեղ Սաղաթելյանի արդարացման վերաբերյալ քրեական գործի հետ:
8․ «Հրապարակ» թերթը գրում է, որ «Իմ քայլի» իրենց աղբյուրները նշում են, որ Գագիկ Ջհանգիրյանի համար պաշտոնի որոնումները դեռ շարունակվում են։ Ճիշտ է՝ գլխավոր դատախազի թեման կարծես արդեն փակ է, բայց կարծես թե ՍԴ ապագա դատավորի ռեալ թեկնածու է։
Ի դեպ, նույն աղբյուրն ասում է, որ ժամանակներ առաջ Ջհանգիրյանի թեկնածությունը բերել էին «Իմ քայլի» վարչություն` քննարկման, որպես ԲԴԽ անդամ՝ «մերժում է ստացել»: Ըստ աղբյուրի՝ Ջհանգիրյանի թեկնածության նախաձեռնությունը վարչության ՀԱԿ-ի թևի ժողովրդինն էր` Թորոսյան Արսենն , Սիմիդը, Արայիկ Հարությունյան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






