Փետրվարի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Էլիսոն ԼըՔլերին: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում Տիգրան Ավինյանը կարևորել է Կանադայի հետ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը: Նա շնորհակալություն է հայտնել Կանադայի կառավարությանը Հայաստանի համար այս կարևոր ժամանակաշրջանում ժողովրդավարական բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար:
Էլիսոն ԼըՔլերն իր հերթին բարձր է գնահատել Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և նշել, որ առկա է ամուր հիմք հարաբերությունների հետագա զարգացման համար:
Զրուցակիցները համակարծիք էին, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում առկա ներուժին ու այս համատեքստում քննարկել են տնտեսական կապերի ակտիվացման հնարավորությունները՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ու գյուղատնտեսության ոլորտում: Կողմերը անդրադարձել են նաև Կանադայում հայկական համայնքի գործունեությանը, որը կապող օղակ է հանդիսանում երկու երկրների միջև:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






