Իրանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 44-ով՝ կազմելով 139: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացածների թիվը Իրանում կազմում է 4, իսկ մահացածների ընդհանուր թիվը կազմում է 19։ ՀՀ կառավարությունն արդեն որոշում է կայացրել փակել Իրանի հետ օդային և ցամաքային սահմանը։ Հայաստան Իրանից մուտք կարող են գործել միայն պաշտոնական պատվիրակությունները, Իրանից վերադարձող ՀՀ քաղաքացիները և բեռնափոխադրողները։ Վերոհիշյալ անձինք սահմանին կանցնեն խիստ հսկողություն։ Ի՞նչ վտանգներ է պարունակում Իրանի հետ սահմանի փակումը Հայաստանում զբոսաշրջության համար, առավել ևս, որ հեռու չէ Նովրուզը, խնդրի առնչությամբ Armenia Today-ը զրուցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ։
1․Զբոսաշրջության համար ի՞նչ հետևանքներ կունենա Իրանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու և Նովրուզի նախօրեին «Մեղրի» անցակետով մարդկանց մուտքը սահմանափակելու կառավարության որոշումը։
Տեսեք՝ նախ սա ես համարում եմ ՀՀ-ում հանրային առողջության և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցառում։ Սա, անկախ իր ազդեցությունից, զբոսաշրջության տեսանկյունից նախ մեզ համար, մեր բնակչության համար Հայաստանում հանրային առողջության ու անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցառում է։ Զբոսաշրջության տեսանկյունից կարևոր է այն առումով, որ որքան մեզ մոտ ապահովված լինի հանրային առողջությունն ու անվտանգությունը, այնքան մենք գրավիչ կլինենք համաշխարհային շուկայի համար՝ որպես զբոսաշրջային երկիր և ընդհակառակը, եթե աշխարհում նման մտավախություն լինի, որ Հայաստանում հնարավոր է վիրուսի կամ նման համաճարակի տարածում, ուրեմն ամբողջ աշխարհից այցելությունների էական նվազում կարող է լինել։ Միայն Իրանից, եթե մինչ Նովրուզի տոնակատարությունները չկարգավորվի իրավիճակը և սահմանը չբացվի, փորձագիտական գնահատականներով, շուրջ 20000 այցելություն կարող է չլինել։
2․Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված այս պահին զբոսաշրջության տեսանկյունից ի՞նչ ռիսկեր և վտանգներ են արդեն նկատելի:
Դեռևս մտավախություն, զգուշություն, վտանգ կարծում եմ այնքան էլ չկա, համաշխարհային զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելելու հետ կապված։ Կարծում եմ, եթե կարողանանք այսպես շարունակել, իրավիճակը հսկողության տակ պահել, մենք պետք է որ վնաս չկրենք՝ կորոնավիրուսի հետ կապված։ Տուրիզմի հայկական ֆեդերացիան պատրաստակամ է Առողջապահության նախարարության հետ, մյուս իրավասու մարմինների հետ համագործակցել, աջակցել՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ։
3․ Ի՞նչ վիճակագրական տվյալներ կարող եք տրամադրել Իրանից զբոսաշրջիկների ներհոսքի վերաբերյալ և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ սահմանի ժամանակավոր փակումը։
Եթե մենք 2017 թվականից դինամիկան նայենք՝ 2017 թվականին Իրանից Հայաստան այցելությունները եղել են շուրջ 220 հազար տարեկան ցուցանիշով, իսկ 2017 թվականի առաջին եռամսյակին, որի մեջ նաև մտնում է մարտ ամիսը, երբ Հայաստան են գալիս Նովրուզի տոնակատարության հետ կապված, եղել է 45 հազար, 2018 թվականին առաջին եռամսյակում այցելությունների թիվը աճել է մինչև 48 հազար, տարեկան ցուցանիշը նվազել է 220-ից հասնելով 160 հազարի։ Սա պայմանավորված է եղել Իրանի տնտեսական իրավիճակով, արժույթի արժեզրկմամբ, որն էական բացասական ազդեցություն է ունեցել Իրանից արտագնա զբոսաշրջության վրա։ 2019 թվականին արդեն նվազել է նաև առաջին եռամսյակում այցելությունների թիվը՝ հասնելով շուրջ 27 հազարի, 2018-ի 48 հազարի հետ համեմատած, տարեկան ցուցանիշը նույնն է եղել՝ շուրջ 160 հազար։ Ենթադրաբար,եթե այս տարի ամեն ինչ լավ լիներ, սահմանը չփակվեր, ենթադրվում էր, որ մոտ 20 հազար այցելություն կունենայինք Նովրուզի հետ կապված։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







