1․«Հրապարակ» թերթը գրում է, որ Վրաստանը հայկական կոնյակի մուտքը Ռուսաստան խոչնդոտելու նոր ձև է գտել՝ կանգնեցնում է տարանցիկ բեռները լաբորատոր ստուգումներ կատարելու պատրվակով: 1990-ականների սկզբի իրավական «բեսպրեդելը» վերադառնում է:
Վրաստանի սահմանին գտնվող Գեզի տերմինալում արդեն մոտ երկու շաբաթ է, Հայաստանից Ռուսաստան ուղևորվող բեռնատարներ են կուտակված։ Ֆուռերում կոնյակի սպիրտ է։ Վրաստանի մաքսավորները և սահմանային մյուս ծառայությունները ապօրինի գործողություններ են կատարում։ Խլում են բեռնափոխադրող վարորդների վարորդական վկայականները և փաստացի կալանավորում են մեքենաները։ Պատճառաբանում են, որ պետք է ստուգեն տեղափոխվող խմիչքի որակը, այն դեպքում, երբ խոսքը տարանցիկ բեռների մասին է, որոնք ոչ թե Վրաստանում են իրացվելու, այլ` Ռուսաստանում։
«Հրապարակը» դիմել է արտգործնախարարություն և Վրաստանում Հայաստանի դեսպանատանը, փոխանցելով այդ ատյաններին բեռնափոխադրողների բողոքը։ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ դեսպանությունը տեղյակ է, և քայլեր ձեռնարկվում են։
2․«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության է հրավիրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որը ՀՔԾ-ում «կռիվ է տվել»: Բանն այն է որ ՀՔԾ-ն Ալիկ Սարգսյանին հրավիրել է և առաջարկել` արդյոք համաձայն է, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով կարճվի իր նկատմամբ հարուցված քրեական գործը:
Սակայն, թերթի տեղեկություններով, Ալիկ Սարգսյանը հրաժարվել է առաջարկից և հիմնավորել՝ իր նկատմամբ մեղադրանք առաջադրվելուց հետո մի օր հարցաքննության չի հրավիրվել, որպեսզի հասկանալի լինի, թե ով է իր դեմ ցուցմունք տվել, ինչ է հայտնել քննիչներին, և դրանց մեջ կա արդյոք ճշմարտության հատիկ, թե ոչ:
Եվ այս ամբողջ պատմության մեջ ուշագրավն այն է, որ Ալիկ Սարգսյանին ՀՔԾ քննիչներն այս գործով անգամ չեն էլ հարցաքննել առաջադրված մեղադրանքի շրջանակներում:
«Ժողովուրդ» օրաթերթին ՀՔԾ-ից հայտնեցին. «Վաղեմության ժամկետի հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում չկա, գործով նախաքննությունը շարունակվում է»: Թե ինչ զարգացումներ կլինեն այս գործով, ցույց կտա ժամանակը:
3․«Հրապարակ» թերթը գրում է, որ Արթուր Վանեցյանը զբաղված է ակտիվ կուսակցաշինական աշխատանքով։ Կուսակցությունը դեռ չկա, բայց կուսակցության կմախքն արդեն գծագրվում է։
Նա ամեն օր մեծ թվով մարդկանց է հանդիպում, որոնք ուզում են անդամագրվել իր կուսակցությանը։ Նրանց թվում են և մտավորականներ, և նախկին ու ներկա պաշտոնյաներ, տարբեր մասնագիտությունների տեր անձինք, որոնց անուններն առայժմ չեն հրապարակում։
Թերթը տեղեկացել է, որ արդեն պատրաստ է նաև կուսակցության գլխավոր գրասենյակը։ Այն գտնվում է իշխանությունների սիրելի «Դվին» հյուրանոցի հենց դիմաց։ Հավանաբար՝ 2 օրից Վանեցյանն ու իր թիմի կորիզը կլինեն այս գրասենյակում։ Մարզերում ևս գրասենյակներ կբացվեն։
Թերթը հետաքրքրվել է, թե ինչից է սկսելու Արթուր Վանեցյանը։ Նա ասաց․ «Առաջիկայում այցելելու եմ մարզեր, զրուցելու եմ քաղաքացիների հետ, որպեսզի հասկանամ հասարակության մեջ տիրող տրամադրությունները և ներկայացնեմ իմ մոտեցումները։ Պետք է ձևավորենք մեր կուսակցության համախոհների ճամբարը»։ Ըստ ամենայնի, փորձելու են հասկանալ՝ ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելու համար հանրային պահանջ կա՞, թե՞ ոչ»:
4․«Հրապարակ» թերթը գրում է, որ ԵԿՄ-ն ակտիվ լծվել է «այո»-ի քարոզարշավին։ Երեկ, օրինակ, Սասուն Միքայելյանը, Անդրանիկ Քոչարյանը, Լեդի Հակոբն այցելել են Թալին։ Նախապես որոշել են, որ չհայտարարեն այցի բուն նպատակը։ Դա էր պատճառը, որ Թալինի ԵԿՄ-ականները տարբեր մեկնաբանություններ են տվել այցին։
5․«Փաստ» թերթը գրում է, որ Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ընտրական հանձնաժողովների ձևավորման հարցում։ Ինչպես հայտնի է, հանրաքվեի ժամանակ ընտրական հանձնաժողովներում երկուական անդամ առաջադրում են «այո»-ի ու «ոչ»-ի նախընտրական շտաբները կամ ներկայացուցիչները, այլ կերպ ասած՝ քարոզչության կողմերը։
Հանձնաժողովների մնացած երեք անդամներին առաջադրում է ընտրատարածքային հանձնաժողովը։ Այսինքն, ստացվում է այնպես, որ «ոչ»-ի կողմնակիցները հանձնաժողովներում 4016 անդամի հարց պետք է լուծեն։«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները ջանում են հանձնաժողովների կազմավորման «մոբիլիզացիան» առավելագույնս վերցնել իրենց ձեռքը։
Հանձնաժողովների ձևավորման վերջնաժամկետը մարտի 1-ն է, և, թերթի տեղեկություններով, իշխանություններն ամեն ինչ անում են հնարավորինս «սվոյ» մարդկանցով ապահովելու հանձնաժողովները՝ հատկապես ԸՏՀ-երի կողմից առաջադրվող 3 տեղերի հարցում։
Մյուս կողմից՝ թերթին տեղեկություններ են հասել, որ «ոչ»-ի քարոզչական շտաբին արդեն իսկ մեծ թվով մարդիկ են դիմել՝ ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու համար»:
6․«Հրապարակ» թերթը գրում է, որ կառավարությունը նախատեսում է մարտի 20-ից երեք ամսով զորահավաք անցկացնել։ Օրերս հանրային քննարկման է ներկայացվել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշման նախագիծը, համաձայն որի՝ առաջարկվում է վարժական հավաքներին ներգրավել 374 քաղաքացու, որոնցից 233-ը` շարքային կազմի, 44-ը` ենթասպայական, 97-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Ինչո՞վ է բացատրվում այս երկարաժամկետ զորահավաքը, քանզի, ինչպես ոլորտի մասնագետներն են փաստում, զորահավաքների համար ընդունված է եղել առավելագույնը մեկ ամիս ժամանակը։ Պաշտոնական բացատրությունը սա է՝ քանի որ վերջին տարիներին «ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, անհրաժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացում»՝ պետք է սովորեցնել նոր զենքերին տիրապետելը։
Թերթի աղբյուրները, կապված զորահավաքի ժամկետի հետ, նշում են նաև, որ դա պայմանավորված է մարտի 31-ին սպասվող Արցախի ընտրություններով և ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեով․ «Ամրացնում են պաշտպանական համակարգը, պատրաստվում հնարավոր ցնցումներին»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






