Փետրվարի 26-ի Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կուբայի ԱԳ նախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիլլային: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարար Մնացականյանը նշել է. «Չնայած առկա աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս ամենատարբեր ոլորտներում Կուբայի հետ հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը»: Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ հայ-կուբայական համագործակցության ընդլայնմանն ուղղված բոլոր ջանքերը վայելում են հայկական կողմի լիակատար աջակցությունը:
Արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական ջանքեր ներդնել երկկողմ օրակարգի ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ: Երկուստեք կարևորվել են տարբեր մակարդակներով երկխոսության ակտիվացումը, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը՝ որպես տարբեր ոլորտներում համագործակցության առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ քայլերի ուղենշման հարթակ:
Նախարարներ Մնացականյանը և Պարիլլան դրական են գնահատել միջազգային հարթակներում Հայաստանի և Կուբայի միջև ձևավորված համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ աջակցության և վստահության վրա:
Հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






