Ազգային ժողովում ընթանում են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացի վերաբերյալ լսումներ:
Բացելով լսումները՝ ՀՀ փոխվարչապետ, համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ
Մհեր Գրիգորյանը նշեց, որ համաձայնագրի ստորագրումը նոր լիցք հաղորդեց ԵՄ-Հայաստան հարաբերություններին, ինչպես նաև հիմք հանդիսացավ հետագա բարեփոխումների ընթացքը որոշելու համար:
«Հայաստանի և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն առանցքային դերակատարություն ունի Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների զարգացման հարցում: Այն մեզ համար հանդիսանում է բարեփոխումների օրակարգ, և դրա կիրարկումը կառավարության առաջնահերթություններից է»,- ասաց Գրիգորյանը:
ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի մասին է վկայում նաև երկրին տրամադրվող աջակցության ծավալների ավելացումը։ Մասնավորապես, 2017 թվականի աջակցության ծրագրով նախատեսված աջակցության ծավալները կազմել են 34.5 մլն եվրո, 2018 թվականին ՝ 46 մլն եվրո, 2019 թվականին՝ 65 եվրո, տեղեկացրել է նա։
«Արդեն որոշվել են ԵՄ-ին 2020 թվականի աջակցության տրամադրման հիմնական ուղղությունները։ Հուսով եմ, որ 2020 թվականի ծրագրի շրջանակներում աջակցությունը կգերազանցի 2019 թվականի ծավալները», — ասել է Գրիգորյանը։ Նա նշել է, որ վերոնշյալ ծրագրով նախատեսված են ռազմավարական բարեփոխումներ արդարադատության և ոստիկանության ոլորտներում, որոնք ներառված են կառավարության առաջնահերթությունների ցանկում:
Մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվում նաև Արևելյան գործընկերության շրջանակներում, նշել Է փոխվարչապետը: Այսպես, իրականացվում են սահմանների արդիականացման, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ծրագրեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






