«Այո»-ի քարոզչությունը նախատեսել ենք իրականացնել մի քանի շերտով։ Ակտիվ քարոզչության փուլը մեկնարկելու է մարտի 2-ից և տևելու է մինչև ապրիլի 3-ը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը:
«Քարոզչությունը մեկնարկելու է Հանրապետության հարավից՝ Մեղրի քաղաքից, և Երևանում քարոզչությանը նվիրվելու է 4 օր»,- ասաց Պապիկյանը։
Սուրեն Պապիկյանը նշեց, որ քարոզչության ընթացքում իրենք հանրութանը ներկայացնելու են այն կարևոր կետերը, որոնք շարժառիթ են հանդիսացել սահմանադրական փոփոխությունների համար։
Անդրադառնալով քարոզարշավի տեխնիկական կողմին՝ Սուրեն Պապիկյանը նշեց, որ իրենք ամեն օր տասը սպրինտերներով շրջելու են գյուղերում և հանդիպելու են ընտրողների հետ:
«Մարտի 10-ից կմեկնարկի քարոզչական մեկ այլ խմբի շրջայց: Մեքենաներով կլինենք հանրապետության բոլոր բնակավայրերում: Այն քաղաքներում, որտեղ կկանգնեն մեր մեքենաները, կլինեն նաև հանրահավաքներ», — ասաց «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավարը:
Սուրեն Պապիկյանը նշեց նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կմասնակցի քարոզարշավին․ քարոզարշավին վարչապետը կմիանա մարտի 10-11-ից և ըստ անհրաժեշտության՝ կլինի արձակուրդում։
«Կառավարության այն անդամները, որոնք կմասնակցեն քարոզարշավին, նույնպես կգնան արձակուրդ կամ քարոզչությամբ կզբաղվեն աշխատանքից հետո: Քարոզարշավին կմասնակցեն նաև ԱԺ պատգամավորները, մարզերի գործընկերները»,- ասաց «Այո» շտաբի ղեկավարը՝ միաժամանակ հավելելով, որ այժմ գտնվում է արձակուրդում, բայց հաջորդ շաբաթվա ընթացքում կվերադառնա աշխատանքի, քանի որ նախատեսվում է այց Վրաստանի Հանրապետություն․վերադառնալուն պես արձակուրդը կշարունակվի մինչև քարոզչության ավարտը։
Պապիկյանը նաև նշեց, որ հանրաքվեն իրենց համար կենաց-մահու պայքար չէ, և ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ ինչ է ուզում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






