ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Դանիայի Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի ուղեկցությամբ փետրվարի 18-ին այցելել է Ամալիենբորգի թագավորական պալատ և առանձնազրույց ունեցել Նորին Մեծություն Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդի հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Արարատ Միրզոյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջև պատմական բարեկամական կապերի կարևորությունը և հույս հայտնել, որ դրանք կխորանան:
Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդը և Արարատ Միրզոյանը երկուստեք կարևորել են Հայոց ցեղասպանության օրերին դանիացի երկու միսիոներների՝ Մարիա Յակոբսենի և Կարեն Եպպեյի նշանակալի դերակատարությունը հայ որբերի փրկության գործում, ինչն ընդհանուր հոգևոր կապ է ստեղծել երկու ժողովուրդների միջև:
Մարգրետե Երկրորդը հույս է հայտնել, որ այցը լուրջ հիմք կհանդիսանա երկու ժողովուրդների միջև կապերի հետագա խորացման, մշակութային փոխանակումների և շփումների ակտիվացման համար:
Դանիայի թագուհին հաջողություն է մաղթել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Ազգային ժողովին իրենց գործառույթների իրականացման մեջ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






