Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում անդրադարձել է օրակարգային մի շարք կարևոր հարցերի։ Վարչապետը խոսել է Սահմանադրական իրականության մասին, այն է՝ պետք է լինի իրականում այն, ինչ գրված է Սահմանադրության մեջ։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի այն մոդելը, որը պետք է լինի ՀՀ Սահմանադրության համաձայն։ «Սահմանադրական դատարանի 3-ական անդամ պետք է ընտրվի ՀՀ Նախագահի, Կառավարության և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ Սահմանադրական դատարանի նախագահը պետք է ընտրվի Սահմանադրական դատարանի դատավորների կողմից, այն էլ միայն մեկ անգամ՝ վեց տարի ժամկետով»,-ասել է Վարչապետը։
Գլոբալ սահմանադրական փոփոխություններից սահմանադրական փոփոխությունների առանձնացումը, ըստ Վարչապետի, նրանում է, որ առաջինի դեպքում անհրաժեշտ են խորքային գործընթացներ։
Սահմանադրական փոփոխությունների ճանապարհի՝ իրավական լինելու հարցին Վարչապետը պատասխանել է, որ Ազգային ժողովի կողմից սահմանադրական փոփոխություններ ընդունելու դեպքում այն պետք է ուղարկվի Սահմանդրական դատարան, և քանի որ դա վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամների մեծ մասին՝ իննից յոթին, ուստի այն չի ընդունվի Սահմանադրական դատարանի կողմից, և այդ դեպքում Ազգային ժողովն իրավունք ունի ձայների անհրաժեշտ քանակով հարցը դնել հանրաքվեի։
Վարչապետի վստահեցմամբ կա անվստահություն դատական համակարգի նկատմամբ, քանի որ Սահմանադրական դատարանը ուղակի և անուղակի ձևով մասնակցել է նախագահական և խորհրդարանական ընտրություններին և դատական համակարգը ժողովրդի պատկերացմամբ երբեք անկախ չի եղել։
Վարչապետի քաղաքական թիմն առաջարկում է ստեղծել անկախ դատական համակարգ, քանի որ ըստ Վարչապետի՝ Սահմանադրական դատարանի նկատմամբ անվստահությունը Կառավարության նկատմամբ վստահության պայմաններում սկսում է դիտվել որպես Կառավարության անգործություն։ Եվ այս համատեքստում Վարչապետը պնդել է, որ իրենք չեն ցանկանում կոռուպցիոն համակարգից կախված դատական համակարգ։ «Հեղափոխությունից հետո ընտրությունները չեն բերում և չեն բերելու ցնցումների՝ ի տարբերություն նախորդ ընտրությունների, որոնց անմիջապես հաջորդել են ցնցումները»,-ընդգծել է Վարչապետը՝ հավելելով, որ ընդհանուր սահմանադրական փոփոխությունների արդյունքում շրջադարձային փոփոխություններ, կառավարման ձևի փոփոխություն տեղի չպետք է ունենա։ Թե արդյոք գործող Սահմանադրությունը գերիշխանություն է տալիս գործող իշխանությանը և ստեղծում սուպերվարչապետական մոդել, Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններում չի կարող լինել նման համակարգ։
Ընդդիմադիր գործիչներին բերման ենթարկելու և այնուհետ նրանց մոտ զենք չհայտնաբերելով ազատ արձակելու դեպքին անդրադառնալով՝ Վարչապետն այս առումով նշել է, որ իրավապաներն ունեն ծայրահեղականության դեմ պայքարելու, այն կանխելու , քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու իրավունք։
Անդրադառնալով Փաշինյան-Ալիև բանավեճին՝ Վարչապետը նշել է, որ այդ հանդիպումն ունեցել է շրջադարձային նշանակություն, քանի որ այն մի քանի բեկումներ է առաջացրել։
«2015թ-ից ի վեր Արդբեջանը միջազգային հանրությանը փորձում է համոզել, որ Հայաստանն ունի ապակառուցողական դիրքորոշում։ Հանդիպումն ապացուցեց, որ Հայաստանն ունի կառուցողական, իսկ Ադրբեջանը՝ ապակառուցողական՝ ընդհուպ մինչև ռասիզմին հասնող դիրքորոշում։ Բացի այդ հանդիպումը ի ցույց դրեց, որ Կառավարությունը հանրությունից այս հարցով թաքցնելու ոչինչ չունի»,-ասել է Վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի պնդմամբ ձևավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն, որը պայմանական կոչում են Մյունխենյան սկզբունքներ։ Դրանք, ըստ էության, ենթադրում են․
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը։ Լեռնային Ղարաբաղը գտնվել է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում, որն այժմ չկա։
Լեռնային Ղարաբաղը բանակցության կողմ է, առանց որի չի կարող հարցը լուծվել։ Չկան տարածքներ, կա անվտանգություն․ Ղարաբաղն իր անվտանգությունը չի կարող զիջել։
Հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար։
Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում։ Եթե ասեն, որ այն ունի ռազմական լուծում, ապա Ղարաբաղը կարող է ասել, որ հարցը վաղուց լուծվել է։
Վարչապետն անդրադարձել է նաև Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններին։ Արդյոք Արցախի Հանրապետությունում նախագահի 14 թեկնածուի առկայությունը անկառավարելիություն չի առաջացնի և արդյոք ճիշտ է Արցախի ռազմականացման պայմաններում, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ «Արցախում ընտրությունների արդյունքները միշտ վստահելի են եղել, քան Հայաստանում։ Արցախում ժողվրդավարական ընտրությունների անցկացումն ապացուցում է, որ Արցախը կացացած պետություն է։ Ժողովուրդը պետք է ունենա ազատ կամարտահայտման հնարավորություն։ Չի կարող առաջանալ անկառավարելիություն, քանի որ ժողովրդավարությունը կառավարելի է, և այն կառավարվում է ժողովրդի կողմից»։
Անդրադառնալով վերջին շրջանում բանակում զոհերի մեծ թվին՝ 13 զոհ, Նիկոլ Փաշինյանը արձանագրել է նախ և առաջ 2019թ․ նախորդ տարիների համեմատ զոհերի թվաքանակի պատմական մինիմում։ Վարչապետը համոզմունք է արտահայտել, որ զոհերի թվաքանակի ավելացումը կապված է քրեական ենթամշակույթի և կարգապահության խնդրի հետ։ «Կստեղծվի միջգերատեսչական խումբ՝ բանակում առաջ եկած խնդիրների քննարկման և լուծման նպատակով»։
Վարչապետը հարցազրույցի վերջում հայտարարել է, որ կրում է միայն հայրենական արտադրության հագուստ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






