-Արդեն մի քանի տարի՝ սկսած 2008 թվականից Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը հռչակվել է նաև գիրք նվիրելու օր։ Սա նպաստում է ընթերցանության խթանմանը․ ամեն տարի այս օրը իսկապես վերածվում է գրքային հրավառության․ այսօր գրախանութներում ասեղ գցելու տեղ, փողոցներում գիրքը ձեռքին հազարավոր մարդիկ են շրջում, մի խոսքով, այսօր ևս մեկ անգամ ընդգծվում է, որ «կարդալը նորաձև է»։
Գիրք նվիրելու օրվա խորհրդի, կարդալու ու գրականության դերի մասին Armenia Today-ի թղթակիցը զրուցել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ։
-Հաճախ ասում են, որ «ժամանակակից սերունդը չի կարդում»։ Կիսո՞ւմ եք այս կարծիքը։ Արդյոք այս տոնը խթանո՞ւմ է ընթերցանությանը։
Սկսեմ նրանից, որ արտահայտությունը անախրոնիզմի է վերածվել, որովհետև այն ասում էին 10-15 տարի առաջ ու չգիտեմ՝ ովքեր էին ասում։ Վերջին 10-15 տարիներին Հայաստանում կատարվել է հսկայական աշխատանք և՛ հրատարակիչների, և՛ գրականագետների, ԶԼՄ-ի ու տարբեր մարդկանց կողմից, վերջին շրջանում նաև իշխանության, որպեսզի գիրքը դառնա առօրյայի, կացութաձևի մի մաս։
Բնական է՝ չեմ կիսում այդ դատողությունը, որ չի կարդում նոր սերունդը։ Գլոբալ կարելի է շատ թերություններ մատնանշել, գուցե չափանիշները մեր ուզածը չեն, քանակը, մակարդակը մեր ուզածը չէ, բայց այդ հայտարարությունն այլևս կատեգորիկ է, որովհետև այսօր մենք իսկապես ունենք լավ նոր սերունդ, ովքեր ձգտում են ինտելեկտի, ձգտում են կարդալու, այդ առումով գիրք նվիրելու օրը, որը վերջին տարիների ընթացքում առավել մեծ շքեղությամբ է անցկացվում, վկայում է այդ մասին։ Երկու օր է՝ գրախանութում եմ, և հենց հիմա, եթե գրախանութում կա 40 մարդ, 38-ը երիտասարդներն են։
-Տարեցտարի ի՞նչ փոփոխություն եք նկատում տոնի նշելու մաշստաբներում։
-Տոնը գնալով ընդարձակվում է, դառնում սովորական։ Սովորական լավ առումով, որովհետև անընդհատ չի գրավում ԶԼՄ-ի ուշադրությունը։ Դրան չեն նայում որպես հազվագյուտ բան, նախկինում, երբ ԶԼՄ-ը տեսնում էին մարդը մտավ գրախանութից գիրք գնեց կամ գրախանութում հերթեր էին նկատում՝ զարմանում էին, որպես արտակարգ լուր տեղադրում էին ֆեյսբուքում, որպեսզի շատ լայքեր հավաքեն։
Ուրախալի է այն, որ սա կարելի է համահայկական կամ համահանրապետական տոն համարել, քանի որ, եթե նախկինում տոնում էին սահմանափակ թվով մարդիկ (ինչ որ տարածքներում, մարդիկ հավաքվում էին, ուրախանում, իրար գիրք նվիրում), ապա այսօր համատարած բնույթ է կրում։
Չկա որևէ հաստատություն, որը չնշի այդ տոնը։ Չկան մարդիկ, որ իրար գիրք չնվիրեն։ Քիչ առաջ գրախանութում մի ընկերության ղեկավար գիրք գնեց և նվիրեց իր ընկերության բոլոր աշխատակիցներին։
-Ի՞նչ ասելիք ունեք ընթերցասեր հանրությանը՝ օրվա խորհրդին համահունչ։
-Կարդալ․․․ կարդալը զարգանալու, հասարակությունից վեր բարձրանալու, շրջապատից վեր բարձրանալու միակ և անքննելի ճանապարհն է։ Կարդալուց լավ բան ես չգիտեմ, և ուզում եմ՝ իրենք էլ չիմանան, որովհետև չկա։
Կարդալ ամեն ինչ, ինչ որ կընկնի ձեռքներդ։ Այդպես կարելի է ձևավորել ճաշակ, արդեն կունենան ընտրելու խիզախություն։ Ես սիրում եմ խիզախ ընթերցողներին, երբ իրենք են գիրքը ճանաչում, գտնում, այլ ոչ ուրիշների խորհրդով են գնում դեպի գիրք։
Զրուցեց Սոնա Ֆահրադյանը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







