Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:40

Ի տարբերություն մի շարք ուժերի, մենք ձևական «կուսակցություն» չենք ստեղծել․ Դավիթ Բաբայան

Armenia today-ը շարունակում է հարցազրույցների շարքը 2020թ. մարտի 31-ին կայանալիք Արցախի համապետական ընտրություններին ընդառաջ: Այս անգամ մեր զրուցակիցը ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանն է:

-Պարոն Բաբայան, ի տարբերություն ԱՀ նախագահի այլ թեկնածուների, դուք ավելի ուշ եք հայտարարել նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին, ինչպե՞ս կայացվեց այդ որոշումը:

-Մենք երբևիցե չենք հայտարարել, որ նախագահական ընտրություններին չենք մասնակցելու: Բոլոր հարցազրույցներում և հանդիպումների ժամանակ մենք ասել ենք, որ քննարկում ենք այդ հարցը: Նշել էինք, որ մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին, իսկ նախագահականը ՝ կորոշենք: Կուսակցության արտահերթ համագումարում որոշում է կայացվել, որ պետք է ընտրություններին մասնակցենք առանձին թեկնածուով: Կարծում եմ, որ այդ որոշումը ճիշտ է և ազնիվ մեր հանրության համար: Ի տարբերություն մի շարք ուժերի, մենք ձևական «կուսակցություն» չենք ստեղծել, սկզբում ինչ-որ բան քարոզել, հետո միացել այս կամ այն ուժին: Պարզ է, որ այդպիսի մարդիկ ինքնուրույն չեն, այդ դեպքում ինչո՞ւ են այս խաղը խաղում:

Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ ուզում ենք մեր դերակատարությունն ունենալ Արցախի քաղաքական դաշտում: Ու նենք մեր տեսլականը և չենք կարծում, որ ավելի վատ կղեկավարենք, քան մյուսները: Ավելին, շատերից էլ լավ կղեկավարենք, ավելի լավ Արցախ կստեղծենք: Եվ մեր կարգախոսն էլ ոչ թե ամպագորգոռ, անիրատեսական արտահայտություններ են, այլ «Ավելի լավ Արցախ»: Ասում ենք այն, ինչ հնարավոր է անել:

-Հաշվի առնելով ընտրություններին մասնակցող թեկնածուների, կուսակցությունների մեծ թիվը և յուրաքանչյուր ընտրության ժամանակ ի հայտ եկող լարվածությունը, չեք կարծում արդյոք, որ Արցախի դեպքում այդպիսի լարվածությունը վտանգավոր է:

-Եթե հարցին այդ առումով մոտենանք, ուրեմն ընտրություններ առհասարակ չպետք է լինեն: Ցանկացած ընտրության ժամանակ բնական է լարվածությունը, մրցակցությունը: Ընտրությունները պետք են, բայց, իմ խորին համոզմամբ, անհրաժեշտ է որոշ փոփոխություններ մտցնել: Մեր կուսակցությունը հետամուտ է լինելու լուրջ փոփոխություններ իրականացնել գործող Սահմանադրության մեջ: Ընտրությունները երկպառակտում են հասարակությանը, որոշ ընտրությունների արդյունավետությունը ես չեմ տեսնում: Օրինակ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ընտրությունը պետք է առաջին հերթին կառավարման համակարգի թարմացման և ավելի էֆեկտիվ դառնալու համար լինի։ ՏԻՄ ընտրությունը կառարավարման էֆեկտիվությունը չի բարձրացնում: Սա պատասխանատվությունից խուսափելու ձև է: Քաղաքապետը և գյուղապետը պետք է նշանակովի լինեն, հաղթող ուժը պետք է նշանակի այդ մարդկանց և դրանով ցույց տա իր կառավարման ողջ պատկերը: Իսկ նախագահական և խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտություն են, որպեսզի թարմացնեն կառավարման բուրգը:

-Իսկ գաղափարական ընտրություն ակնկալո՞ւմ եք արդյոք՝ նկատի առնելով ազգակցական կապերով պայմանավորված ընտրության հնարավորությունը:

-Ազգակցական և այլ հանգամանքներով պայմանավորված ընտրությունը հատկապես վառ դրսևորվում է ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Սա մեր հասարակության ընդհանուր պատկերն է: Ազգակցական, բարեկամական գաղափարներով առաջնորդվելն էլ է կոռուպցիայի ձև, որը կարող ենք անվանել « բարոյական կոռուպցիա » : Չի կարելի ընտրել ինչ-որ մեկին, որովհետև կա սուբյեկտիվ ինչ-որ կապ: Մեր քաղաքական ուժն իր առաքելությունը նաև այստեղ է տեսնում: Մենք պաշտոնի և աթոռի համար չենք պայքարում: Եթե պաշտոնի և աթոռի համար պայքարեինք, կմիանայինք այս կամ այն ուժին և մեր աթոռի հարցերը վաղուց կլուծեինք, բայց գնում ենք ամենածանր ճանապարհով: Եթե մեր այս մոտեցումը հասարակության մեջ չգնահատվի, սա նշանակում է, որ գաղափարախոսական առումով մեր հանրությունում լուրջ խնդիրներ կան:

-Շատերն են խոսում նախագահական ընտրությունների հնարավոր երկրորդ փուլի մասին: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս առումով:

-Դժվար է ասել: Կարող են լինել տարբեր կանխատեսումներ, բայց ամեն ինչ ի վերջո ցույց է տալու ընտրությունների ընթացքը: Խնդիրը երկրորդ փուլը չէ, այլ ավելի ճիշտ ընտրություն կատարելը, հետո չհիասթափվելը: Ես չեմ կիսում այն տեսակետը, որ ժողովուրդը չի սխալվում: Երբեմն ամենամեծ սխալները կատարում է ժողովուրդը: Ուղղակի դժվար է հետո դա ընդունել: Ինչ ցանեք, այն էլ հնձելու և ուտելու եք:

-ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ ներկայումս Արցախի հարցով բանակցություններ չեն ընթանում, բայց արդյո՞ք ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների, ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումները բանակցություններ չեն:

-Նայած, թե ինչ է հասկացվում բանակցությունների անվան տակ: Տարբեր տեսանկյուններից կարելի է նայել: Այն կարելի է համարել ոչ լիարժեք բանակցային գործընթաց, քանի որ Արցախը չի մասնակցում: Կարելի է որակել հանդիպումներ: Բայց, այնուամենայնիվ, սրանք շփումներ են, որոնք շատ կարևոր են: Մենք հանդիպումների շարունակականությունը պետք է պահպանենք, որովհետև սա նաև խաղաղության և կայունության պահպանման կարևոր բաղադրամաս է: Այլ տարբերակ չունենք: Այլ տարբերակը լայնածավալ պատերազմն է, զոհերը: Իհարկե, մեր հաղթանակները պատմական են և որևէ մեկը իրավունք չունի այն կասկածի տակ դնել: Բայց, միևնույն ժամանակ, պետք է շարունակենք այս բանակցային գործընթացը:

-Արցախյան ընտրություններից հետո արդյո՞ք բանակցային գործընթացում ինչ-որ բեկումնային փոփոխություն եք ակնկալում:

-Ես չեմ կարծում, որ բանակցային մոտեցման փոփոխություն կարող է լինել: Ուժեղ լինենք, ավելի արդյունավետ ենք բանակցելու: Իսկ ուժեղ լինելու կարևոր գրավականը բանիմաց, մաքուր և էֆեկտիվ իշխանություն ունենալն է: Հակառակ դեպքում , սխալներ ենք թույլ տալու: Եթե տարբեր պաշտոններում հայտնվեն ոչ պրոֆեսիոնալ, բարոյահոգեբանական խնդիրներ ունեցող, սեփական շահերով առաջնորդվող անձինք, իհարկե, դա հարվածելու է մեր պետականությանը, միջնաժամկետ, երկարաժամկետ, թե կարճաժամկետ կտրվածքներով, բայց հարվածելու է: Դա անմիջապես զգալու ենք բանակցային գործընթացում: Խնդիրը հենց դրանում է: Այդ պատճառով էլ պետք է այնպիսի ընտրություն կատարենք, որ մեր երկիրն ավելի ուժեղանա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+