«Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը խոստացել է միջոցներ ձեռնարկել ընտրվելու դեպքում սոցիալական լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Այս մասին նա հայտարարել է Ավետարանոց գյուղում կայացած հանդիպմանը, հայտնում է Ազատ Հայրենիք կուսակցության մամուլի կենտրոնը:
«Մեր հաջողության դեպքում մենք պատրաստ ենք ընդունել հերթական կարևոր որոշումը՝ պետությունը կստանձնի հիմնադրամներում ու բանկերում քաղաքացիների ունեցած ժամկետանց բոլոր վարկերի վերակառուցումը, կներվեն տույժ-տուգանքները՝ սոցիալական լարվածությունը թուլացնելու նպատակո»,- հայտարարել է Հարությունյանը։
Հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ «դա ոչ մի կերպ չի վարկաբեկում պատասխանատու բարեխիղճ վարկառուների հեղինակությունը, քանի որ ապագայում նրանց համար պարզ կլինի բանկերի և հիմնադրամների օգտագործման հնարավորությունը»:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մարտի 31-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







