ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական ԶՈՒ-ի՝ դիվերսիայի մասին հերթական տեղեկատվությունը։
«Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»,- գրել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանն Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է որակել՝ ադրբեջանական հանրության համար։
«Դա լիովին ապատեղեկատվություն է։ ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում»,- գրել է ՊՆ մամուլի խոսնակը։
Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել՝ իբր փետրվարի 24-ին առավոտյան ժամը 7-ի սահմաններում կանխվել է Հայաստանի ԶՈՒ Նոյեմբերյանի Կոթի գյուղում տեղակայված ստորաբաժանումների դիվերսիոն ներթափանցման փորձը՝ Գազախի շրջանի Գուշչու Այրըմ գյուղի ուղղությամբ:
Ադրբեջանական բանակն ունեցել է մեկ զոհ․ զոհվել է սահմանապահ Իբրահիմ Ալեմշահ օղլու Վելիևը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







