Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ա Սերիայի 25-րդ տուրի` «Լեչեի» հետ խաղից հետո գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում.
«Կարևոր հաղթանակ էր թիմի վստահության համար: Եկեք շարունակենք նույն կերպ»,- գրել է Մխիթարյանն ու լուսանկար հրապարակել երեկվա խաղից:
Նշենք, որ Իտալիայի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն հյուրընկալել էր «Լեչե»-ին: Հանդիպման ընթացքում Մխիթարյանը դարձել է թե՛ գոլի, թե՛ գոլային փոխանցման հեղինակ։ 13-րդ րոպեին, հայ կիսապաշտպանի դիպուկ փոխանցումից հետո Ունդերը բացել է հանդիպման հաշիվը, 37-րդ րոպեին Ջեկոյի փոխանցումից Մխիթարյանը կրկնապատկել է հաշվի տարբերությունը, իսկ «Ռոմա»-ն հաղթել է 4:0 հաշվով:
Հանդիպման ավարտից հետո՝ խոսելով թիմում իր ապագայի մասին, Մխիթարյանը նշել է․
«Հիմա պետք է մտածել միայն առաջիկա երեք ամիսների մասին: Վաղ է խոսել իմ ապագայից: Կարող եմ ասել, որ ինձ դուր են գալիս այս թիմը, քաղաքը և երկրպագուները»,- Մխիթարյանի խոսքերը փոխանցում է Coriere dello Sport-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







