Թուրքիայի և Ռուսաստանի պատվիրակությունների երկօրյա բանակցությունների արդյունքերն ամփոփող երկկողմ հայտարարությունները խոսում են այն մասին, որ Իդլիբի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա հակասությունները, ըստ էության, չեն կարգավորվել և կան խորքային տարաձայնությունները՝ կապված Իդլիբում Թուրքիայի հետագա դերակատարության հետ։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով Իդլիբի հարցով Ռուսաստանի ու Թուրքիայի պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությունները։
«Ռուսական կողմի հայտարարությունը խոսում է այն մասին, որ փաստացի Թուրքիայի առջև դրվել է Իդլիբից դուրս գալու խնդիրը, որից Թուրքիան հրաժարվում է՝ ձգտելով պահպանել 2018թ. սեպտեմբերին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստեղծված դիտակետերը: Չնայած դիվանագիտական էթիկայի շրջանակներում կողմերը պահպանում են զուսպ հռետորաբանությունը, այդուհանդերձ պարզ է, որ երկու կողմերի հարաբերություններն Իդլիբի մասով բավականին սրված են»,- ասաց արաբագետը։
Անդրադառնալով Իդլիբի շուրջ ռուս-թուրքական հակասություններին՝ Արմեն Պետրոսյանը նշեց, որ այս հարցում երկու կարևոր հանգամանք կա, որ պետք է ընդգծել։
«Առաջինն այն, որ երկու երկրները փաստացի ռազմական ներկայություն ունեն Սիրիայի տարածքում։ ՌԴ-ն Սիրիայում է գտնվում այդ երկրի կառավարության խնդրագրի հիման վրա, իսկ Թուրքիան՝ Սիրիայի հյուսիսում գտնվող որոշ թուրքամետ խմբավորումների խնդրանքի հիման վրա։ Միաժամանակ, Սիրիայում ներկայության վերաբերյալ Թուրքիայի հիմնավորումը, ձևական բնույթ է կրում, քանի որ այդ խմբավորումների ձևավորման հիմքում հենց Թուրքիան է կանգնած եղել․ Թուրքիան ինքն է հող նախապատրաստել տվյալ շրջաններում իր հետագա ռազմական ներկայությունն ապահովելու համար և այդ է պատճառը, որ Թուրքիան ամեն կերպ փորձում է դադարեցնել սիրիական կառավարական ուժերի առաջխաղացումն Իդլիբ նահանգում»,- ասաց Արմեն Պետրոսյանը։
Արաբագետի խոսքով՝ եթե սիրիական կառավարական ուժերը կարողանան ավարտին հասցնել շրջանի ամբողջական ազատագրումը՝ այն ազատելով ընդդիմադիր խմբավորումներից, ապա փաստացի Թուրքիայի ներկայությունն այդ շրջաններում ապօրինի կլինի․ Թուրքիան հենց այս ուղղությամբ է աշխատում՝ ցանկանալով վերականգնել այն դիրքերը, որոնք եղել են մինչև սիրիական կառավարական ուժերի հարձակումը։
Ի պատասխան այն հարցին, թե որո՞նք են այն արտաքին ու ներքին հանգամանքները, որ պայմանավորում են վերջին շրջանում Թուրքիայի ագրեսիվ գործողությունները՝ Արմեն Պետրոսյանը նշեց․
«Վերջին տարիներին Թուրքիայի տնտեսության անկումը, լիրայի շարունակական արժեզրկումը, ընդդիմադիրների դեմ իրականացվող հետևողական պայքարը, խոսքի ազատության սահմանափակումները հանգեցնում են գործող իշխանությունների վարկանիշի նվազմանը։ Նման դեպքերում ներքին խնդիրները հարթելու համար այսպիսի վարչակարգերը փորձում են հասարակության ուշադրությունը կենտրոնացնել արտաքին հիմնախնդիրների վրա, «արտաքին հաղթանակների» շնորհիվ փորձում են ազդել երկրի ներսում իրենց վարկանիշի անկման վրա»,- ասաց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ Սիրիայում վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացված տարբեր ռազմագործողությունները՝ հատկապես քրդերի դեմ, նման նպատակ էին հետապնդում։
Արաբագետի խոսքով՝ Իդլիբի գործողությունը և Լիբիայում թուրքական նոր արկածախնդրությունն առավելապես միտված են հեռանկարում նման եղանակով ներքին խնդիրները կարգավորելուն։
Խոսելով մոտ ապագայում սիրիական հակամարտության հնարավոր հանգուցալուծման հնարավորությունների մասին՝ Արմեն Պետրոսյանը նշեց, որ հակամարտության ամբողջական հանգուցալուծումը դեռևս մոտ ապագայում չի նշմարվում, բայց մոտ է հակամարտության ռազմական բաղադրիչի հանգուցալուծման հնարավորությունը։
«Եթե վերջնականապես լուծվի Իդլիբի հարցը, ապա կարելի է նշել, որ հիմնականում սիրիական հակամարտության հետագա գործընթացքները կլինեն քաղաքական հարթությունում, սակայն այս հարթությունում դեռևս շարունակում են մնալ մի քանի հանգուցային խնդիրներ։ Առաջինը քրդերի կարգավիճակի հարցն է, երկրորդ կարևոր խնդիրը Սիրիայի տարածքում արտաքին որոշ խաղացողների՝ հատկապես Թուրքիայի և ԱՄՆ-ի հետագա դերակատարության հարցը, երրորդը՝ Իսրայելի հետագա գործողությունների խնդիրը, ինչպես նաև դրանց փոխկապակցված հակոտնյա Ռուսաստանի և Իրանի հետագա ներկայության խնդիրը»,- ասաց արաբագետը։
Արմեն Պետրոսյանի խոսքով՝ այս գործընթացը ենթադրաբար տեղի է ունենալու քաղաքական որևէ ձևաչափի շրջանակներում այն է՝ Սիրիայում սահմանադրական հանձնաժողովի աշխատանքների միջոցով կամ տարաբնույթ այլ ձևաչափերի՝ Աստանայի, Ժնևի կամ որևէ այլ ձևաչափի միջոցով։
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Իդլիբում տեղի ունեցող վերջին զարգացումների մասով միջազգային դերակատարների՝ մասնավորապես ԱՄՆ-ի, Իրանի, ՌԴ-ի պասիվությունը՝ Արմեն Պետրոսյանը նշեց, որ Ռուսաստանի և Իրանի պասիվության հիմնական պատճառը այն է, որ Իդլիբում առկա է շահերի բախում։
«Եթե նախորդ երեք ռազմական գործողությունների՝ «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության ակունք» ժամանակ Իրանը, Սիրիայի կառավարությունը նաև Ռուսաստանը կիսում էին Թուրքիայի մտահոգությունները և փորձում էին ճնշել քրդերի ինքնավարության ձգտումները, ապա այս պարագում ակնհայտ է, որ կան խնդիրներ և շահերի բախում և նման դեպքում, հաշվի առնելով բոլոր երեք դերակատարների կարևոր հարաբերությունները, նաև՝ Սիրիայի տարածքում, ակնհայտ է, որ բացահայտ գործընթացներ և՛ քաղաքական, և՛ քարոզչական հարթությունում տեղի չեն ունենալու։ Հիմնական խնդիրները փորձ է արվում լուծել ստվերային մակարդակում՝ թույլ չտալու համար հետագա սրացումները, որը կարող է ստվերել այդ երկրների հարաբերությունները համագործակցության համար ոչ պակաս կարևոր այլ հիմնախնդիրների շրջանակներում»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։
Վարդուհի Մկրտչյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







