Սփյուռքին ներգրավելով Հայաստանի բիզնես միջավայրին. ահա այս նպատակով Մոսկվա այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «Կիլիկիա» բիզնես ակումբի անդամների հետ:Այս մասին հայտնեցին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: Մասնակիցներին նախևառաջ ներկայացվել է գրասենյակի գործունեությունը, առաջնահերթությունները, սփյուռքի հետ աշխատանքի օրակարգային հարցերը: Որպես կարևոր ուղղություններ՝ Զարեհ Սինանյանն առանձնացրել է հայաստանյան կյանքին սփյուռքի առավելագույն ներգրավումը, ենթակառուցվածքների զարգացումն ու խոչընդոտների վերացումը, զանգվածային հայրենադարձության իրագործումը, սփյուռքի և Հայաստանի միջև փոխվստահության վերականգնումը:
Այնուհետ ակումբի հիմնադիր Նվեր Սարգսյանը ներկայացրել է 2020 թվականի գլխավոր անելիքները՝ հիմնականում շեշտադրելով Հայաստանում ներդրումային ծրագրերի հնարավորություններն ու հեռանկարները: Պայմանավորածություն է ձեռք բերվել այս տարվա ապրիլին կայանալիք «Armenian Business Networking» միջոցառումն իրականացնել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ:
Հանձնակատարին ներկայացվել է նաև «Cilicia Tun» օֆլայն հաղորդակցության հարթակի ստեղծման գաղափարը, որը Հայաստանում կդառնա սփյուռքից ժամանած գործարարների հանդիպումների և փորձի փոխանակման վայր: Ակումբը գործարկելու է էլեկտրոնային հարթակ ևս, որտեղ օգտատերերը կարող են ներբեռնել իրենց տվյալները, գործունեության ոլորտները, ծանոթանալ միմյանց հետ և համատեղ աշխատել:
Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել գործարարներին Հայաստանի բիզնես միջավայրի հանդեպ նման հետաքրքրվածության համար և գործակցության ու աջակցության պատրաստակամություն հայտնել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







