Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված որոշման նախագիծ։ Ինչպես հաղորդում է AnalitikaUA.netՈւկրաինայի Ժողովրդական պատգամավոր «Ժողովրդի ծառա» Դարյա Վոլոդինայի օրենսդրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը մեծարելու մասին գրանցվել է փետրվարի 14-ին (գրանցման № 3070 14.02.2020):Պատգամավորի կարծիքով՝ դա ողբերգություն է և ցավ այնպիսի մասշտաբի, որ անհնար է այդքան երկար չնկատել։
Ուկրաինայի հայերի Միության նախագահ Վիլեն Շատվորյանը իր մեկնաբանություններում պատգամավորի նախաձեռնությունը կարևոր քայլ է անվանել, որը վկայում է մարդասիրության, ճշմարտության և արդարության գաղափարներին հետևողական հավատարմության մասին։ Պարբերականը հիշեցնում է, որ սա արդեն չորրորդ օրենսդրական նախաձեռնությունն է վերջին 10 տարիների ընթացքում։
Վերջերս «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Անտոն Պոլյակովը գրանցել էր հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման նախագիծը (№ 2376, 05.11.2019):
2013 թվականի հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան գրանցել էր 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը: №2254ա օրինագծի նախաձեռնողները Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովը և Նվեր Մխիթարյանն էին: Իսկ 2015-ի ապրիլի 3-ին Գերագույն Ռադան երկրորդ անգամ գրանցեց պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը (№ 2530, 04.03.2015 ): Այդ ժամանակ խորհրդարանի նախաձեռնությանը տասնյակ պատգամավորներ էին միացել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







