Բանակցային ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների համար։ Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պանելային քննարկման ժամանակ՝ ներկայացնելով՝ ինչ միկրոհեղափոխություններ է արել Արցախի հակամարտության բանակցային գործընթացում։
Փաշինյանն ասաց, որ ինքը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներից միակն է, ով հայտարարել է, որ բանակցային ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի ԼՂՀ, ՀՀ և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Սա առաջին միկրոհեղափոխություն է։
« Ես ոչ միայն Հայաստանի միակ առաջնորդն եմ, այլ նաև ես Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներից միակն եմ, որ ասում է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Բացի այդ, ես կոչ արեցի սոցմեդիան օգտագործել իրար լավ հասկանալու համար, այլ ոչ թե ատելության»,–ասաց վարչապետը։
Նա հայտնեց, որ դեմ չի լինի`եթե Ալիևը խոսի հայ ժողովրդի հետ, սակայն տարօրինակ փաստ կա` Ալիևը խուսափում է խոսել ԼՂ ներկայացուցիչների հետ, իսկ հարցն առանց ԼՂՀ բնակիչների հետ խոսելու, դժվար թե լուծվի։ Նա շեշտեց` Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է որպես հակամարտության կողմ և բանակցությունների կողմ ԵԱՀԿ-ի կողմից: Դա երկու անգամ տեղի է ունեցել` 1992-ի մարտի 24-ին և 1994-ին Բուդապեշտում` ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում:
ՀՀ կառավարության ղեկավարը փաստեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախը պատրաստ են իրական ջանքեր գործադրել տարածաշրջանում հարատև խաղաղություն ձևավորելու համար։
«Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ես այս իրավիճակը համարում եմ ոչ միայն իմ պատասխանատվությունը՝ հանուն իմ երկրի անվտանգության, այլ նաև ես գիտակցում եմ իմ պատասխանատվությունը տարածաշրջանի անվտանգության համար, համաշխարհային գլոբալ անվտանգության համար, և ես առաջարկում եմ նախագահ Ալիևին այս իրավիճակն ընկալել որպես մեր երկուստեք խնդիրը, անելիքը, այն է՝ ձևավորել հարատևելի խաղաղություն և կայունություն, ու այս իրավիճակը դիտարկել ոչ միայն մեր ազգային օրակարգի հիմնախնդիր, այլ նաև որպես գլոբալ և տարածաշրջանային անվտանգության օրակարգի խնդիր և մեր պարտականությունն ու պարտքն է մեր ջանքերը գործադրել, մեր ներդրումը ունենալ գլոբալ անվտանգության մեջ, և ես ձեզ հավաստիացնում եմ, որ ՀՀ-ն և ԼՂ-ն պատրաստ են դրան»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց` Հայաստանը հավատարիմ է ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացին, և այդ բանակցությունը պետք է կայանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Վարչապետը նշեց, որ միջազգային հանրությունը պետք է շատ հստակ շեշտի, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում։
«Եթե որևէ մեկն այլ կերպ է մտածում և ասում է, թե կա հակամարտության ռազմական լուծում, ես կարծում եմ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կպատասխանի, որ այդ պարագայում մենք կարող ենք ասել, որ այս հակամարտությունն արդեն լուծված է։ Ես, սակայն, կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է տևական, հարատևելի խաղաղություն»,- նշեց Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






