Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 16-ին, շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և լիտվացի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Հայաստանը մեծապես կարևորում է Լիտվայի հետ առկա քաղաքական բարձր մակարդակի երկխոսության պահպանումն ու ամրապնդումը՝ ի շահ մեր երկրների:
Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ գործընկերությանը Լիտվայի շարունակական աջակցությունը և համոզված ենք, որ Վիլնյուսի ու Երևանի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը լայն հնարավորություններ կբացի երկկողմ տնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և մարդկային շփումների զարգացման համար։
Ուրախությամբ տեղեկացա, որ ընդունել եք Հայաստանի Հանրապետություն այցելելու իմ հրավերը: Մեծ սիրով սպասում ենք Ձեզ և տիկին Սկվերնելիսին Երևանում, ինչը նոր շունչ և որակ է հաղորդելու մեր բարեկամական հարաբերություններին»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






