Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Հայաստանի և Իսպանիայի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են երկկողմ պատրաստակամությունն առավել ամրապնդելու և հարստացնելու հայ-իսպանական բարիդրացիական հարաբերությունների օրակարգը, որի համար ամուր հիմք են հանդիսանում երկու ժողովուրդների միջև պատմության խորքից եկող փոխադարձ հարգանքը և փոխըմբռնումը:
Երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման առումով ընդգծվեց արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների, տարբեր մակարդակներով փոխայցելությունների և հանդիպումների անցկացումը:
Անդրադարձ կատարելով հայ-իսպանական համագործակցության բազմաշերտ օրակարգին՝ Զոհրաբ Մնացականյանը և Արանչա Գոնսալես Լայան ընդգծել են առկա ներուժի լիարժեք իրացումն առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գիտության ու մշակույթի բնագավառներում համագործակցության խթանման և զարգացման միջոցով:
Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն գործընկերությանն առնչվող հարցերի՝ ընդգծելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ հարաբերությունները կարգավորող իրավական հենքի: Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց նաև Արևելյան գործընկերության ձևաչափը՝ որպես ԵՄ հետ ընդհանուր արժեքների և ամրագրված նպատակների հիման վրա բազմաբովանդակ շփումների և ազգային մակարդակով ձեռքբերումները համախմբող ամուր հարթակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






