Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նիստի ընթացքում քննարկվել է ՀԸԳՀ-ի դեռևս ուժի մեջ չմտած դրույթների կիրարկմանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագիծը, որը մշակվել է պետական շահագրգիռ մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում: Նիստի ընթացքում զեկույցներով հանդես են եկել առողջապահության, արտակարգ իրավիճակների, արդարադատության և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները:
Քննարկման արդյունքներով որոշվել է լրամշակել համաձայնագրի ուժի մեջ չմտած դրույթների կիրարկմանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագիծը, այնուհետև քննարկել այն շահագրգիռ այլ կողմերի հետ: Հանձնաժողովի անդամները կարևորել են նաև այս ոլորտների ճանապարհային քարտեզի կիրարկումը, քանի որ դրանք ևս անդրադառնում են նշված ոլորտներում բարեփոխումների օրակարգային հարցերին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






