Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:40

Դաշնակցության համար անընդունելի են այն զիջողական մոտեցումները, որոնք խաթարում են մեր հաղթանակները. Դավիթ Իշխանյան

Արցախի հանրապետությունում 2020թ. մարտի 31-ին կկայանան համապետական՝ նախագահի և ԱԺ ընտրություններ։

Armenia today-ը հարցազրույցների շարքով ներկայացնում է ԱՀ նախագահի թեկնածուների կարծիքը Արցախի նախընտրական իրավիճակի, Արցախյան հիմնահարցի կարգավորման և այլ խնդիրների շուրջ:

Այս անգամ մեր զրուցակիցը ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանն է:

-Պարոն Իշխանյան, դուք որպես ԱՀ նախագահի թեկնածու, չեք արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ ներկայացնել Արցախյան հիմնահարցի լուծման Ձեր դիրքորոշումը: Ինչո՞վ եք դա բացատրում:

-Ես հետևել եմ Արցախի հիմնահարցի ուղղությամբ Կապանում հնչեցրած ՀՀ վարչապետի խոսքին և ԱՀ նախագահի թեկնածուների արձագանքներին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ տեղեկություններ չի տվել մամուլի ասուլիսի ժամանակ, մեջբերել է ինչ-որ լրատվամիջոցի ինչ-որ հրապարակում, որին արձագանքելու անհրաժեշտություն չեմ տեսել, քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմից մեջբերված կետերը Արցախի հարցի լուծման ուղղությամբ չեն կարող ընդունելի լինել Դաշնակցության համար ոչ անցյալում, ոչ հիմա, ոչ էլ ապագայում:

Մեր քաղաքական դիրքորոշումը հստակ ու պարզ է եղել դեռևս 1990-ական թվականներից, և ոչ ոք չի կարող կասկածել Դաշնակցության վճռականությանն ու ուղղամտությանը:

Դաշնակցության համար անընդունելի են բոլոր այն առաջարկներն ու զիջողական մոտեցումները, որոնք խաթարում են մեր հաղթանակները:

-ՀՀ-ում կայացած ընտրությունների արդյունքում ՀՅԴ ներկայացված չէ խորհրդարանում, այս առումով ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերն Արցախում:

-Արցախում Դաշնակցությունը միշտ էլ կայուն ընտրազանգված է ունեցել: Արցախի ժողովուրդը չի մոռացել ՀՅԴ ավանդը Արցախի ազատագրման գործում: Առաջին զինված խմբերը ստեղծվել են Դաշնակցության միջոցով, առաջին զենքերը Դաշնակցությունն է Արցախ հասցրել։ ՀՅԴ-ի հիմնական գործառությունը զինվելն էր, որովհետև մենք անցել էինք ինքնապաշտպանության, հանրապետության կերտման ուղին և գիտենք, որ ամենալավ պաշտպանությունը պատերազմին միշտ պատրաստ լինելու մեջ է:

Սփյուռքի հետ Արցախի հարաբերություններում հիմնական դերը վերապահված է հենց ՀՅԴ-ին: Հիմա էլ ՀՅԴ-ն իր աշխարհասփյուռ կառույցներով աշխատում է Արցախի ճանաչման, միջազգային տարբեր հարթակներում մեր դատը ներկայացնելու, Արցախին տնտեսական հարցերում օժանդակելու ուղղությամբ: ՀՅԴ տարբեր կառույցներ ներդրումներ են կատարում Արցախում, ՀՅԴ Արցախի կառույցի միջոցով իրականացնում են սոցիալական, տնտեսական բազում ծրագրեր:

Այս բոլորը դրական նստվածք են թողել ժողովրդի մեջ և ըստ այդմ մենք կայուն ընտրազանգված ու մեր պատկառելի տեղն ենք ունեցել խորհրդարանում: Չենք կասկածում, որ այս անգամ էլ հաջողություններ կունենանք: Ճիշտ է, աննախադեպ կերպով շատացել է կուսակցությունների մասնակցությունը գալիք ընտրություններին, որը ձայների փոշիացում է ենթադրում: Բայց դրանով հանդերձ վստահ ենք, որ ունենալու ենք նշանակալի դեր ԱՀ Ազգային Ժողովում:

-Լուրեր են պտտվում, որ Արցախում փոքր ՀԷԿ-երի մի մասը պատկանում են Դաշնակցությանը: Ինչքանո՞վ են այդ լուրերը հավաստի:

-Նախևառաջ ուզում եմ շեշտել, որ Դաշնակցությունը ՀԷԿ չունի Արցախում, այլ դաշնակցական որոշ ընկերներ ՀԷԿ-երում բաժնեմասեր ունեն: Արցախում առաջին ՀԷԿ-երը հիմնադրվել են հենց նրանց ներդրումների շնորհիվ: Այն օրերին, երբ դեռ ոչ ոք Արցախի այդ շրջաններում ներդրում չէր անում, ապահովության մտավախության կամ զիջողական տրամադրությունների ազդեցության տակ, դաշնակցականները որոշեցին ներդրումներ անել՝ այդպիսով մյուսներին ևս ներդրումների մղելու և Արցախի էներգետիկ ապահովության նպատակով: Բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Վերջերս պարզվեց, որ փոքր ՀԷԿ-երի թույլտվությունները տրվել են խորհրդային ժամանակների տվյալների հիման վրա, որոնք չեն կարող հավաստի լինել:

Երկրի բնական հարստությունները միայն մեր սերնդի օգտագործման համար չեն: Մենք այս երկիրը իր բնական հարստություններով, ապահով ձեռքերում պահելով պետք է հանձնենք հաջորդ սերունդներին: Այս սկզբունքներն ամրագրված են նաև ՀՅԴ ծրագրում: Պետք է այնպիսի մոտեցումներ մշակել, որպեսզի նվազագույն վնաս հասցվի բնությանը:

-Աննախադեպ թվով կուսակցությունների և նախագահի թեկնածուների առկայությունը չի կարո՞ղ արդյոք պառակտվածություն մտցնել հասարակության մեջ:

-Մենք կանխատեսել էինք, որ այդ հանգամանքը հասարակության մեջ պառակտման, թշնամանքի մթնոլորտ կարող է առաջացնել և դրա համար 2019թ. հունիս-հուլիս ամիսներից այդ ուղղությամբ աշխատանք ենք տարել: Մեր շրջանի ՀՅԴ բարձրագույն ժողովը Կենտրոնական կոմիտեին հանձնարարել էր մյուս կուսակցությունների, քաղաքական ուժերի և անհատ թեկնածուների հետ բանակցություններ վարել՝ միասնական օրակարգի և նախագահի համաձայնեցված թեկնածուի առաջարկությունների թեմայով: Մենք օգոստոս ամսից սկսած հանդիպումներ ենք ունեցել համարյա բոլոր կուսակցությունների, այնուհետև ԱՀ նախագահի հավանական թեկնածուների հետ: Առաջին փուլում համաձայնության հասանք 7 կետից բաղկացած միասնական օրակարգի շուրջ, սակայն երկրորդ փուլում չկարողացանք համախոհություն ստեղծել ԱՀ նախագահի հավանական թեկնածուի անձի շուրջ, որովհետև յուրաքանչյուրն իրեն էր տեսնում որպես համաձայնեցված թեկնածու:

Նախագահական և խոհրդարանական ընտրություններն անհատական ամբիցիաների բավարարման պայքարի են վերածվում՝ ծրագրային և գաղափարական հարցեր շոշափելու փոխարեն: Սա հանգեցնում է պառակտման, թշնամանքի, իրար դեմ սև փիառի, որն Արցախի համար աննախադեպ է:

Այնուհանդերձ վստահ եմ, որ, ավարտվելով ընտրությունների փուլը, հնարավորություն կունենանք դարձյալ միասնական օրակարգի շուրջ գործնական քայլեր իրականացնել և համատեղ ուժերով Արցախի դեմ ծառացած հիմնախնդիրները հաղթահարել:

Նշենք, որ Արցախի նախագահի թեկնածուների հետ հարցազրույցների շարքի շրջանակներում Armenia Today-ը արդեն զրուցել է Մասիս Մայիլյանի, Քրիստին Բալայանի, Աշոտ Ղուլյանի, Ռուսլան Իսրայելյանի, Հայկ Խանումյանիև Վիտալի Բալասանյանիհետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+