Դեռևս պարզ չի՝ քանի ընտրատեղամասեր կբացվեն հանրաքվեի օրը
Հանրաքվեի դրված օրինագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, սակայն ոչ պակաս, քան քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Խոսելով հանրաքվեի համար հատկացվելիք գումարի չափի մասին՝ Մուկուչյանը նշեց, որ գումարի հաշվարկն ընթացքի մեջ է, և կարծում է, որ այն կլինի նույնը, ինչ եղել է նախորդ համապետական ընտրությունների ժամանակ՝ միաժամանակ հաշվի առնելով Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի աճը:
«Հանձնաժողովի անդամների աշխատավարձի համար բազային է ընդունվում նվազագույն աշխատավարձը: 2018-ի ընտրություններին մոտավոր 2.5 մլն դոլար է ծախսվել: Ենթադրում եմ՝ կլինի նույնը»,- ասաց ԿԸՀ նախագահը։
Հարցին՝ թե քանի ընտրատեղամաս կլինի՝ Մուկուչյանը պատասխանեց, որ դեռ հստակ չգիտեն։
«Նախորդ ընտրություններին եղել է 2010 տեղամաս, այս անգամ կազմավորումից հետո միայն կկարողանան հստակ թիվ ասել»,- ասաց ԿԸՀ նախագահը՝ հավելելով՝ մի քանի օրից լիազոր մարմինը կհրապարակի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը։
Հարցին, թե հանրաքվեի անցկացման օրը արդյոք ընտրատեղամասերում տեսախցիկներ կտեղադրվեն՝ Տիգրան Մուկուչյանը դրական պատասխան չի տվել՝ մատնանշելով ժամկետների սղությունը:
«Ժամկետը շատ կարճ է, իսկ ԿԸՀ-ն նման գործառույթ չունի: Տեսախցիկներ տեղադրելու համար մասշտաբային աշխատանքներ են պահանջվում, դժվարանում եմ ասել` հնարավո՞ր կլինի իրականացնել դա, թե՞ չէ, բայց պետք է նկատել` բոլոր մյուս վերահսկողական մեխանիզմները լինելու են»,- ասաց ԿԸՀ նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






