Մոսկվան երբեք չի ցանկացել իր հարաբերությունները վատթարացնել Թբիլիսիի հետ, Ռուսաստանում ոչ մի բացասական վերաբերմունք չկա վրաց ժողովրդի նկատմամբ:
Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ լատինամերիկյան ԶԼՄ-ներին և RT հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Մենք երբեք չենք ձգտել մեր հարաբերությունները վատթարացնել Վրաստանի հետ:
Հենց վրացական ղեկավարությունն էր, որ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք խզեց դիվանագիտական հարաբերությունները և ամեն կերպ փորձում էր սահմանափակել մեր տնտեսական փոխգործակցությունը…Վրաստանում նյութական բարիքներ արտադրող ցանկացած ոք կհիշի, թե որքան սերտ են եղել մեր առևտրային և ներդրումային կապերը: Այժմ առևտուրը վերականգնվել է: Չեմ կարծում, թե որևէ մեկը դժգոհ է այդ առիթով»,- հայտնել է Լավրովը: «Մենք բացասական և կողմնակալ վերաբերմունք չենք տածում վրաց ժողովրդի հանդեպ, ընդհակառակը՝ մենք դարեր շարունակ միասին ենք ապրել և ակնածանքով ենք վերաբերվում միմյանց մշակույթերին և սովորույթներին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ ռուս-վրացական հարաբերությունները կտրուկ սրվել էին հունիսի 20-ից հետո, երբ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին, նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել: Դրանից հետո մայրաքաղաք Թբիլիսիում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել, որոնց ընթացքում 240 ցուցարար էր տուժել, 305-ը ձերբակալվել էին:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրել էր Ռուսաստանին երկրի ներսում պառակտում ստեղծելու փորձի համար, ինչին ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել, ըստ որի՝ հուլիսի 8-ից դադարեցվել են Ռուսաստանից Վրաստան ուղևորատար չվերթները, ինչպես նաև վրացական ավիաընկերություններին արգելվել է մուտք գործել Ռուսաստանի տարածք: Ռուսական կողմը խորհուրդ է տվել օպերատորներին և զբոսաշրջային գործակալություններին իր քաղաքացիներին դեպի Վրաստան տուր-փաթեթներ չվաճառել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






