Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ավստրալիա։ Պատվիրակությունն Ավստրալիա է այցելել Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի հրավերով։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակներում արցախյան պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ավստրալիայի պետական, քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների և հոգևոր դասի ներկայացուցիչներ հետ։
Հուլիսի 28-ին Արցախի Հանրապետության պատվիրակությունը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի հետ։
Նույն օրը Սիդնեյի Հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել պատվիրակության անդամների հանդիպումը հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախում անկախ և ժողովրդավարական պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումները։
Այս համատեքստում նա կարևորել է հայկական սփյուռքի ներդրումը երկրորդ հայկական պետության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախի միջազգային ճանաչման և Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներին։
Հանդիպումներին մասնակցում էին նաև Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի նախագահ Հայկ Կայսերյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






