Հայաստանի Հանրապետության ՊՆ վարչական համալիրում օգոստոսի 2-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հյուրընկալել է սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման դասընթացի մասնակիցներին՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Խոսելով նմանօրինակ հանդիպումների անցկացման արդյունավետության մասին՝ Դավիթ Տոնոյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու և սփյուռքի համայնքներում երիտասարդական ներուժն առավել համախմբելու համար՝ ի նպաստ ՀՀ պաշտպանական և անվտանգային խնդիրների լուծման:
Հանդիպման ընթացքում սփյուռքի երիտասարդ առաջնորդներին են ներկայացվել ՀՀ պաշտպանական քաղաքականությունը, առկա անվտանգային միջավայրը, այդ շրջանակում ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթությունները, Արցախյան հակամարտության ընթացիկ կարգավիճակը, ինչպես նաև միջազգային ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները:
Պաշտպանության նախարարը պատասխանել է սփյուռքահայ երիտասարդներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել ԶՈՒ-երում կատարվող բարեփոխումներին և սպառազինության ու զինտեխնիկայի արդիականացման ծրագրերին, որոնք թույլ են տալիս օրեցօր կատարելագործել հայկական զինուժի մարտական պատրաստության աստիճանը, որակական առավելությամբ ու խելացի քայլերով արձագանքել ցանկացած իրավիճակի և հասնել նոր հաջողությունների:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






