Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, որ մոտ օրերին ԱՄՆ-ից Թուրքիա է ժամանելու զինվորական պատվիրակություն, որի հետ քննարկվելու է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծելու հարցը: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» լրատվամիջոցը:
«Թուրքիա ժամանող պատվիրակության հետ քննարկելու ենք Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, «անվտանգ գոտի» ստեղծելու թեման: Թույլ չենք տալու, որ այս գործընթացը ավելի ձգձգվի: Եթե մեր սպասելիքները չարդարանան, ապա հանուն մեր երկրի ազգային անվտանգության պահպանման մենք պատրաստ ենք ցանկացած քայլի: Հետևաբար, ԱՄՆ-ի հետ համաձայնության չհասնելու դեպքում, մենք ստիպված կլինենք միայնակ ստեղծել անվտանգության գոտին»,- նշել է Աքսոյը:
Նշենք, որ Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, անվտանգության գոտին ստեղծելու մասին 2013 թ․ առաջին անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում: Ըստ այդ ծրագրի՝ Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար կստեղծվի մի տարածք, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները: Ըստ թուրքական կողմի՝ անվտանգության գոտին պետք է ունենա 30-40 կմ լայնություն և 460 կմ երկարություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






