Օգոստոսի 2-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչի նախագահությամբ կայացել է «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով հանդիպումը, որի շրջանակներում ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
ՄԱԿ-ի ԱԽ նիստին մասնակցել է շուրջ 80 անդամ երկրների պատվիրակություն: Երեխաների և զինված հակամարտությունների հարցերով ՄԱԿ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչ Վիրջինիա Գամբան և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը հանդես են եկել հակամարտային իրավիճակներում երեխաների պաշտպանության արդի խնդիրների վերաբերյալ զեկույցներով։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընդգծել է Հայաստանի համար երեխաների իրավունքների պաշտպանության առաջնայնությունը՝ ներկայացնելով ՀՀ ձեռնարկած քայլերը սահմանամերձ բնակավայրերում տեղակայված հանրակրթական հաստատությունների անվտանգության ապահովման ուղղությամբ, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ ապահով կացարանների ստեղծումը։
Մհեր Մարգարյանն Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի սահմանակից շրջանների քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորմանը, ինչը հանգեցրել է խաղաղ բնակչության և երեխաների շրջանում զոհերի և վիրավորների։ Մհեր Մարգարյանն ընդգծել է, որ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը հնարավորություն կտար քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ երեխաներին սպառնացող վտանգների նվազեցմանը, և դրա ներդնումից հրաժարվելը որևէ արդարացում չունի։
ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է նաև հումանիտար կազմակերպությունների ազատ և անխափան մուտքը հակամարտությունների գոտիներ, ինչը կենսական նշանակություն ունի երեխաների պաշտպանությունն ապահովելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






