Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին:
Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Խոր վշտով տեղեկացա ԱՄՆ Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, որոնք բազմաթիվ զոհերի և վիրավորների պատճառ դարձան: Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հղում Ձեզ, Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Ձեզ հետ միասին աղոթում ենք բոլոր անմեղ զոհերի համար և մեր համերաշխությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին»,- ասված է ՀՀ վարչապետի ցավակցական հեռագրում։
Հիշեցնենք, որ հանգստյան օրերին ԱՄՆ-ում տեղի էր ունեցել զանգվածային հրաձգության 2 միջադեպ: Առաջինը Տեխասում, որի հետևանքով զոհվել էր 20 և վիրավորվել 20 մարդ: Այնուհետև Օհայո նահանգում կրակոցներ էր արձակել մարդկանց ուղղությամբ, որի հետևանքով 9 մարդ՝ զոհվել, իսկ 27-ը տուժել էին:
Նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է մինչև օգոստոսի 8-ը իջեցնել Սպիտակ տան, ինչպես նաև բոլոր հանրային շենքերում, զինվորական դիտակետերում և արտասահմանում տեղակայված ԱՄՆ դրոշները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






