ԱՄՆ Կոնգրեսի 89 ներկայացուցիչներ միացել են Արցախի ականազերծման ծրագրին հատկացվող ամերիկյան օգնությունը կրճատելու Դոնալդ Թրամփի վարչակարգի փորձերի դեմ պայքարին: Այս մասին հայտարարություն է տեղադրված Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի պաշտոնական կայքը։
ԱՄՆ Կոնգրեսի 89 պատգամավորներն ստորագրել են դեմոկրատներ Բրեդ Շերմանի և Թիջեյ Կոքսի նախաձեռնած նամակը՝ իրենց աջակցությունը հայտնելով բազմաթիվ մարդկային կյանքեր փրկող այդ ծրագրի շարունակմանը:
Շերմանի և Կոքսի նամակում կոչ է արվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինին շարունակել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը:
ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող՝ Արցախում ականազերծման ծրագիրն իրականացվում է HALO Trust կազմակերպության կողմից։ Այս կազմակերպության գործունեության նպատակն է ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանի խաղաղության ու կայունության պահպանումը։
Կոնգրեսական Թիջեյ Կոքսն ընդգծել էր, որ ԱՄՆ ՄԶԳ-ն պետք է կյանքի կոչի իր հանձնառությունը՝ հավելյալ ֆինանսավորում տրամադրելով HALO Trust-ին՝ ավարտելու կենսական նշանակություն ունեցող նախագիծը, ինչպես խոստացել էր Մարկ Գրինը:
«Ես շարունակելու եմ աշխատանքն իմ երկկուսակցական գործընկերների հետ Կոնգրեսում, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբում և HALO Trust-ում՝ ապահովելու դաշնային ֆինանսավորումը, որը թույլ կտա ունենալ ականներից զերծ Արցախ»,- ասել է Կոքսը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






