Բաքուն խեղաթյուրում է նախօրեին Ստեփանակերտում հանրահավաքին Հայաստանի Հանրապետության վարչապետի արած հայտարարությունը՝ ելնելով իրենց անազնիվ նպատակներից:
Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։
Ըստ Դավիթ Բաբայանի՝ Նիկոլ Փաշինյանի արտահայտած միացում գաղափարը ենթադրում էր ազգային իդեալներ, այն, ինչին ձգտում է ամբողջ աշխարհի հայությունը:
Դավիթ Բաբայանի խոսքով այս գաղափարը չի ենթադրում Արցախի պետականության ապամոնտաժում:
«Մենք բոլորս վերամիավորում ենք ուզում և չենք թաքցնում դա: Սակայն հարկավոր է նաև հաշվի առնել գլոբալ, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական գործոնները: Դրանց տեսանկյունից՝ երկու հայկական պետությունները ոչ միայն չեն թուլացնում հայության դիրքերը, այլև, հակառակը, թույլ են տալիս արդյունավետ դիմակայել շատ մարտահրավերների: Ադրբեջանն էլ փորձում է հնչեցված թեզիսները հօգուտ իրեն ներկայացնել, իր անազնիվ նպատակների համար՝ անտեսելով Փաշինյանի՝ Արցախում ժողովրդավարության հետ կապված այլ մտքերը», — ասել է Դավիթ Բաբայանը:
Ըստ Դավիթ Բաբայանի Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանալին ռևանշը չէ, ոչ էլ Արցախի գրավումը, քանի որ դա կործանարար է առաջին հերթին հենց Ադրբեջանի համար:
«Ադրբեջանը պետք է փոխի իր քաղաքականությունը, շեշտը դնի հարաբերությունների նորմալացման վրա, դադարի սպառնալ ոչնչացմամբ: Սակայն կարգավորման փորձերի փոխարեն սպառնալիքներ են հնչում»,- նշել է Դավիթ Բաբայանը։
«Հայկական կողմի համար ամենակարևորը միասնությունն ու հայրենասիրությունն է, ինչը ենթադրում է միմյանց լսելու և ուրիշի կարծիքը հարգելու կարողություն»,- եզրափակել է Դավիթ Բաբայանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






