Գերտերությունների մրցակցությունը, ահաբեկչությունը և կիբեռհանցավորությունը գլխավոր մարտահրավերներն են, որոնք ներկայումս ծառացած են ՆԱՏՕ-ի երկրների և նրանց դաշնակիցների առջև:
Այսպիսի կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Նոր Զելանդիա այցի շրջանակում իր ելույթի ընթացքում: Գլխավոր քարտուղարի ելույթը հրապարակել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
Ստոլտենբերգը որպես առաջնահերթ սպառնալիք նշել է խոշոր տերությունների մրցակցության ուժգնացումը, ինչպիսին են Ռուսաստանը և Չինաստանը: Նա նշել է, որ Ռուսաստանի ռազմական հզորությունների մեծացումը «սպառնալիքի տակ է դնում կանոններով հաստատված կարգը» և գլոբալ գերակայության համար պայքարի ակտիվացման ցուցիչ է: Որպես Ռուսաստանի իբր «ագրեսիվ» գործողությունների օրինակ գլխավոր քարտուղարը նշել է 2014 թ․ Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը, օգոստոսի 2-ին Ռուսաստանի դուրս գալը Միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրից, ինչպես նաև այլ երկրների «ժողովրդավարական գործընթացներին» ենթադրյալ միջամտությունը:
Ըստ Ստոլտենբերգի՝ երկրորդ գլոբալ մարտահրավերը ահաբեկչությունն է: Գլխավոր քարտուղարը հիշեցրել է մարտի 15-ին նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի 2 մզկիթի վրա հարձակման մասին, որոնց հետևանքով զոհվել էր 51 մարդ, ևս 50-ը՝ վիրավորվել, ինչպես նաև Օսլոյի և Ուայթ կղզու ճամբարում ահաբեկչությունների մասին, որոնք տեղի էին ունեցել 2011 թ․, երբ ինքը Նորվեգիայի վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում:
«Մենք պետք է դատապարտենք ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը՝ անկախ դրանց ձևից ու բնույթից»,- հայտարարել է Ստոլտենբերգը:
Ստոլտենբերգը ևս մեկ սպառնալիք է համարում կիբեռտեխնոլոգիաների և դրանց հետ կապված հանցավորության զարգացումը: «Մենք սկսել ենք հասկանալ, որ կիբեռհարձակումները նույնքան վտանգավոր են, որքան սովորական հարձակումները և ՆԱՏՕ-ն ակտիվորեն աշխատում է ցանցային տարածքում իր ինստիտուտների պաշտպանության ուղղությամբ:
Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է արել համագործակցությունն ամրապնդել այն նպատակով, որպեսզի հաղթահարեն «անորոշությունն ու անկանխատեսելիությունը, որոնց բախվում են արդի միջազգային իրադրության պայմաններում»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






