Ղրղզստանի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար համատեղ հայտարարությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես ԵԱՏՄ կառույցներում նախագահող երկրի ղեկավար՝ շնորհակալություն է հայտնել հանդիպման բոլոր մասնակիցներին կառուցողական և արդյունավետ աշխատանքի համար:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նիստի ընթացքում ընդհանուր առմամբ քննարկվել է 15 հարց։ Քննարկվող հարցերից մի քանիսի վերաբերյալ ԵԱՏՄ երկրները համաձայնության են հասել։ Այդ համաձայնությունները հիմք կհանդիսանան Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի համար:
ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ ալկոհոլային շուկայի կարգավորման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցման հարցում հնարավոր կլինի համաձայնության հասնել։ Փաստաթուղթը վերաբերում է ալկոհոլային արտադրանքների փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացմանը և Միության կազմում ալկոհոլային շուկայում խոչընդոտներից խուսափելու պայմանների ստեղծմանը:
Նիստի շրջանակներում քննարկվել է նաև Միության ներսում փոխադարձ առևտրի ընդլայնման հարցը։ Միության ներսում փոխադարձ առևտրի ընդլայնման վերաբերյալ որոշման ընդունումը հնարավորություն կտա հրապարակել ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումները, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսական ապրանքների, սննդի, կտավատի, կաշվե հումքի, բամբակի, մանրաթելի և բրդի առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը 2019-2020 թվականների համար:
Նիստի շրջանակներում քննարկվել է նաև մինչև 2025 թ․ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման աշխատանքային գրաֆիկի մշակման և հաստատմանն առնչվող հարցը: ՀՀ վարչապետի կարծիքով ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումն սկզբունքային նշանակություն ունի մեր ինտեգրացիոն միավորման հետագա կատարելագործման և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական կապերի խորացման համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






