Հայ–ադրբեջանական սահմանին ինժեներական աշխատանքների ժամանակ հայկական կողմը մի քանի դիրքերում մարտական դիրքի առավելություն է ձեռք բերել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
Գաբրիել Բալայանի խոսքով՝ ինժեներական զորքերի առջև դրված խնդիրը կատարվում է․ հայկական կողմն ինժեներական աշխատանքների կատարման արդյունքում նշանակալի ձեռքբերումներ է ունեցել:
ՀՀ պաշտպանության փոխնախարարը նշել է, որ հայ–ադրբեջանական սահմանին վերջին շրջանում լարված էր, քանի որ հակառակորդը փորձում էր խոչընդոտել հայկական կողմի աշխատանքներին։
Փոխնախարարի խոսքով՝ ինժեներական աշխատանքների ժամանակ հակառակորդը փորձում էր որոշ տեղերում դիրքային առավելություն ձեռք բերել, ինչը, սակայն, կասեցնում է հայկական կողմը։
Գաբրիել Բալայանը նշել է, որ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև օպերատիվ կապի հաստատումը նպաստում է սահմանի լարվածության նվազմանը։
Գաբրիել Բալայանը նշել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում սահմանին ակնհայտ լարվածության միտումներ չունենք, իսկ հրդեհները կարող են կրակոցների կամ շոգ եղանակի հետևանք լինեն։ ՀՀ պաշտպանության փոխնախարարը նշել է, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ։
Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին և 28-ին, Հայաստանի պետական սահմանի հյուսիս–արևելյան հատվածում հակառակորդի կրակոցներից զոհվել էր ՀՀ ԶՈւ զինծառայող Արման Բուլղադարյանը, ևս երկու զինվորական վնասվածքներ էին ստացել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






