Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն օգոստոսի 12-ին ընդունել է «Մուդիզ» միջազգային վարկանշային կազմակերպության ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԳՆ դիվանագիտության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին և երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին:
Եվրամիության հետ համագործակցության համատեքստում Զոհրաբ Մնացականյանը կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ որպես կարևոր գործիք Հայաստանում ընթացող բարեփոխումները խթանելու համար:
ՀՀ ԱԳ նախարարը զրուցակիցներին ներկայացրել է Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ առանձնահատուկ կարևորելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






