Զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հանգամանքները պարզելու համար հետաքննություն է իրականացվում: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
ՀՀ պաշտպանության նախարարի հաղորդմամբ՝ այժմ իրականացվում է հետաքննություն կատարվածի վերաբերյալ և հավանական է, որ Արայիկ Ղազարյանը մոլորվել է տեղանքում և հայտնվել Ադրբեջանի տարածքում։
Դավիթ Տոնոյանն անդրադարձել է նաև ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկություններին, թե զինծառայողի՝ Ադրբեջանում հայտնվելու պատճառը նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքն է, և նշել, որ դա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է:
Անդրադառնալով զինծառայողի վերադարձի խնդրին` նախարարը տեղեկացրել է, որ դիմել են միջազգային համապատասխան կառույցներին, մասնավորապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:
Դավիթ Տոնոյանն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ապատեղեկատվության տարածումը։
Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը տեղեկացրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Արայիկ Ղազարյանին, սակայն հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Արայիկ Ղազարյանի ընտանիքի անդամների հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






