Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարն առաջին անգամ է այցելում Հայաստան և սա լավ առիթ է՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերին նաև այս ձևաչափով անդրադառնալու համար:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությունը դինամիկ զարգանում է, և առկա է կառուցողական աշխատանքային մթնոլորտ, ինչի մասին են վկայում ՌԴ նախագահի, վարչապետի հետ հաճախակի հանդիպումները և բարձրաստիճան մյուս մակարդակներում շփումները:
ՀՀ վարչապետը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների միջև համագործակցությունը՝ հայ-ռուսական ռազմավարական կապերի շարունակական զարգացման, տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի համատեքստում:
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարն արդյունավետ է համարել ՀՀ ԱԽ քարտուղարի հետ քննարկումները։
Պատրուշևը նշել է, որ քննարկվել են անվտանգության ոլորտում տարբեր ուղղություններով համագործակցության հարցեր, անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում ՀՀ-ՌԴ փոխգործակցությանը:
Նիկոլայ Պատրուշևը տեղեկացրել է, որ այս տարվա նոյեմբերին նախատեսվում է ԱՊՀ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների հավաք, և Հայաստանը հաստատել է իր մասնակցությունն այդ հավաքին:
Նիկոլ Փաշինյանն ու Նիկոլայ Պատրուշևը մտքեր են փոխանակել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման և կայունության ապահովման հարցի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության զարգացումների ու մարտահրավերների շուրջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






