Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին՝ անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
Այս մասին ՀՀ ԱԺ նախագահն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
«Սիրելի հայրենակիցներ, 29 տարի առաջ այս օրը ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը, տրամաբանական հանգրվանի հասցնելով եռամյա համազգային շարժումը, ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Շնորհավորում եմ բոլորիս այս դարակազմիկ իրադարձության տարեդարձի առթիվ»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում։
Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում։
«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»,- ասված է Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության հռչակագրում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






