Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի ամենամեծ խնդիրն այն է, որ շատ մարդիկ պնդում են՝ եթե նույնիսկ պարզվի, որ հանքի շահագործումն անվտանգ է, միևնույնն է, այն չպետք է շահագործվի: Այս մասին ՀՀ վարչապետը հայտարարել է Ջերմուկի բնակիչներից մեկի բնակարանում ունեցած հանդիպմանը՝ անդրադառնալով բնակչի դիտարկմանը, թե հանքի շահագործումից 10 տարի հետո բացասական հետևանքներ են ի հայտ են գալու:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ հանրային քննարկումներում այժմ առկա ամենամեծ բարդությունն այն է, որ եթե նույնիսկ հանքի շահագործումն անվտանգ է, մարդիկ դարձյալ դեմ են հանքի շահագործմանը։
ՀՀ վարչապետը նշել է, որ «Լիդիան Արմենիա»-ն հանքի շահագործման գործընթացն սկսել է ՀՀ օրենսդրությանը շրջանակներում։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունն արտոնություն է տվել ընկերության, որ արդեն ներդրել է շուրջ 400 մլն դոլար և եթե պարզի, որ կազմակերպության գործունեությունն օրինական է և բնապահպանական որևէ հետևանք չի առաջացնելու, ապա հարց է առաջանում՝ ինչու՞ չի թույլատրվում ներդրող կազմակերպության գործունեությունը։
Ջերմուկի բնակիչը պատասխանել է, որ նախորդ կառավարության ժամանակ իրավիճակը այնպիսին էր, որ ժողովուրդը ձայն չուներ, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ միջազգային հանրության համար նախկին, ներկա կառավարություն չկա: «Միջազգային հանրության կամ ներդրողի համար կա Հայաստանի Հանրապետություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշել է, որ Ամուլսարի հարցի վերաբերյալ պետք է կայացնել որոշում՝ հաշվի առնելով Հայաստանի հավասարակշռված շահը:
«Ի՞նչ է նշանակում հավասարակշռված շահ: Կա բնապահպանական շահ, կա տնտեսական շահ, կա անվտանգության շահ, կա քաղաքական և բարոյական շահ: Մեր որոշումները պետք է լինեն այնպիսին, որ մի շահի սպասարկումը մյուս շահի սպասարկման հաշվին չլինի:Ինձ համար պարզ է՝ եթե պարզվի, որ չկան երաշխիքները, որ Ջերմուկի օդը մաքուր է լինելու նույնքան, որքան առաջ, Ջերմուկի ջուրը մաքուր է լինելու նույնքան, որքան առաջ, աղմուկի ֆոնը լինելու է այնքան, որքան առաջ, բայց ավելի ճիշտ ձևակերպեմ՝ միջազգայնորեն ընդունված ստանդարտներին համապատասխան: Եթե այդ ամեն ինչը միջազգային ստանդարտներին համապատասխան չի, ինձ համար ակնհայտ է, որ դա չի կարող շահագործվել: Հայաստանի օրենսդրությունն ունի մեխանիզմ. կոնկրետ այս դեպքում կա ամենօրյա,ամենշաբաթյա, ամենամսյա մոնիթորինգ: Այդ մոնիթորինգը տեղի է ունենում ընկերության, կառավարության, քաղաքացիական հասարակության շրջանակներում,գալիս են ստորգետնյա ջրի փորձանմուշ են վերցնում,գնում են դաշտից խոտ, հող են վերցնում,օդն են չափում: Եթե կա շեղում, 90 օր ժամանակ են տալիս շտկելու համար, եթե չի շտկվում, փակվում է»,- մանրամասնել է ՀՀ վարչապետը:
Բնակչի հարցին, թե մոտեցումն այն է, որ հանքը պետք է շահագործվի, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ամուլսարի հարցով 100 % անաչառ և օբյեկտիվ դիրքորոշում ունի:
«Այստեղ ես չունեմ տնտեսական շահ, չունեմ կոռուպցիոն շահ,միակ շահը, որը ես ունեմ, Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահն է:Եվ իմ դիրքորոշումն այն է նաև ի պաշտոնե,որ ես պետք է ծառայեմ Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահին: Սա է իմ դիրքորոշումը»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






