Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է ԱԳՆ կենտրոնական ապարատի, դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաքը, որը կրում է «Արժեքներ գործողության մեջ․ Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագիրը։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և հիշատակել ՀՀ դիվանագիտական կորպուսի վերջերս կյանքից հեռացած դեսպաններ Արման Կիրակոսյանին ու Գառնիկ Բադալյանին։
Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ ամենամյա համաժողովն ավանդույթ է դարձել, իսկ 2018 թ․ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ է անցկացվում և նպատակն է հստակեցնել հայկական դիվանագիտության առաջնահերթությունները և դրանց իրականացման արդյունավետ ուղիները՝ համաձայն ՀՀ կառավարության ծրագրի։
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է վերլուծել ՀՀ ազգային անվտանգության առջև ծառացած հիմնական սպառնալիքներն ու մարտահրավերները, քննարկել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացները, որոնք կարող են ուղղակի ազդեցություն ունենալ ՀՀ արտաքին քաղաքականության վրա, ինչպես նաև կանխատեսել հնարավոր զարգացումներն ու հնարավորության սահմաններում ձեռնարկել դրանց կանխարգելմանն ուղղված քայլեր։
Զոհրաբ Մնացականյանի խոսքով ոչ միայն արդեն փոխվել է քննարկումների ձևաչափը, այլև ներկայացվում է ՀՀ դիվանագիտական ծառայության տեսլականը և ամրագրվել են արտաքին քաղաքական երեք հիմնական սկզբունքները, որոնք ծառայելու են ուղենիշ արտաքին քաղաքականության իրականացման համար
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






