Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է ԱԳՆ կենտրոնական ապարատի, դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաքը, որը կրում է «Արժեքներ գործողության մեջ․ Հայաստանի դիվանագիոտությունը փոփոխվող աշխարհում» խորագիրը։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ արժեքներ ասելով նկատի ունի հետևյալ կետերը․
1․Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում ստեղծել է քաղաքակրթական արժեքներ, որոնց հիմքում ընկած են մարդու արարչագործությունը, նրա հոգևոր զարգացումը, ազգայինը և համամարդկայինը ներդաշնակեցնելու շարունակական ձգտումը։
2․Պատմամշակութային այն հարուստ ժառանգությունը, որը թողել է հայ ժողովորդն աշխարհի տարբեր անկյուններում, որը պետք է վերածել արժեքավոր դիվանագիտական հաղթաթղթի երկկողմ և բազմակողմ հարթակներում։
3․Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արժեքները պարզորոշ կերպով փաստեցին, որ հայ ժողովուդը կարող է հպարտանալ ոչ միայն պատմական, այլև ժամանակակից արժեքներով:
Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը հաղթեց աշխարհում ժողովրդավարության և մարդու իրավունքների հանդեպ վերջին շրջանում ձևավորված հոռետեսությանը՝ մշակութային ռելատիվիզմի վերաբերյալ դատողությունների պայմաններում։
«Հայաստանն ու հայ ժողովուրդը ցույց են տվել, որ մարդկային արժանապատվության վրա ստեղծված համամարդկային արժեքները վեր են ցանկացած աշխարհաքաղաքական կոնտեքստից»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։
Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ հայ ժողովուրդն ընտրեց իրական ժողովրդավարության համակարգը ոչ թե արտաքին ուժերի ազդեցությամբ կամ նրանից որևէ մեկից որոշակի ակնկալիքներից դրդված, այլ որովհետև այդ արժեքները ճշմարիտ են։
«Հայ ժողովուդը կարող է ոչ միայն սպառել, այլև ստեղծել և արարել արժեքներ»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը։
Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ Թավշյա հեղափոխությունը ժողովրդավարական արժեքներից բացի ՀՀ համար ունի անվտանգության ու զարգացման հարց է։ Այն թույլ է տալիս ունենալ ազատ և արարող անհատ, համերաշխության և կոնսենսուսին ունակ հասարակություն, ամուր պետական համակարգ, որոշումների կայացման արդյունավետ մեխանիզմ՝ միջազգային հարթակներում Հայաստանի դիրքերն առավել ամրապնդելու համար։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ վերոնշյալ արժեքները հիմք են աշխարհի հետ ՀՀ-ի հարաբերվելու և հարատև ու ամուր արժեքային հենքի վրա կայուն հարաբերություններ կառուցելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






